ՌԴ ԶՈւ-ն մոտ 3 հազար ռազմական օբյեկտ է ոչնչացրել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ

ՌԴ զինված ուժերը ռազմական գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել են Ուկրաինայի գրեթե 3 հազար ռազմական օբյեկտ։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու արդյունքում ոչնչացվել է 2998 ռազմական օբյեկտ», – հայտնել է Կոնաշենկովը։

Մասնավորապես, մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական ավիացիայով խոցվել է 68 օբյեկտ, այդ թվում՝ ուկրաինական զինված ուժերի կառավարման համակարգի երկու օբյեկտ, նյութատեխնիկական ապահովման 12 օբյեկտ, երեք «Օսա» զենիթահրթիռային համալիր:

Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ՀՕՊ միջոցներով օդում ոչնչացվել է մեկ ՄիԳ-29, երեք «Բայրաքթար ՏԲ-2» անօդաչու թռչող սարք և մեկ մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ գործողության սկզբից ի վեր Ուկրաինայի ուժային կառույցների կորուստները կազմել են 98 ինքնաթիռ, 110 անօդաչու թռչող սարք, 144 զենիթահրթիռային ՀՕՊ համալիր, 88 ռադիոտեղորոշիչ կետ, 1007 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ:

Ոչնչացվել է նաև համազարկային կրակի 109 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 374 հրանոթ և ականանետ, 793 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:

Բացի այդ, ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել մի քանի բնակավայր։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը առաջ են շարժվել 10 կմ խորությամբ և վերահսկողության տակ են վերցրել Ստեպնոյե, Կրապիվնիցկոյե, Մալիյ Կրեմենչիկ, Նովոպետրիկովկա և Յալինսկի բնակավայրերը», –ասել է Կոնաշենկովը:

Նրա տվյալներով՝ ԴԺՀ զորքերի խմբավորումը հսկողության տակ է վերցրել Մարյանովկա, Լազարևկա, Լեսնոյե բնակավայրերը:

«ԴԺՀ-ի Ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումները Մարիուպոլի ներսում մեկ կիլոմետր առաջ են շարժվել հյուսիսային ուղղությունից»,–մանրամասնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: