Հայաստանը դեմ է քվեարկել ԵԽ-ում Ռուսաստանի ներկայացվածությունը դադարեցնելուն․ Էդուարդ Աղաջանյան

«Հայաստանն իր դիրքորոշումը վարչապետի մակարդակով հայտնել է։ Հայաստանը խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Մենք մեր մաշկի վրա զգալով պատերազմի հետևանքները` կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը»,- ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մասին։
Նրա խոսքով, պատերազմները շատ ցավալի հետևանքներ են ունենում, և ՀՀ-ն, բնականաբար, հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցության ճանապարհով հարցերը լուծելու կողմնակից։
«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին, և Հայաստանը ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման արդյունքում։ Բնականաբար, ամենացանկալի զարգացումը կլինի օր և ժամ առաջ ռազմական գործողությունների դադարեցումը և անցումը դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը։ Բայց սրանք հարցեր են, որոնք Հայաստանի վերահսկողության տիրույթից դուրս են։ Միակ բանը, որ մեզ մնում է այս պահին՝ մեր տարածաշրջանում լավագույնս գնահատել ռիսկերն ու ըստ այդմ շարժվել առաջ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նաև հաստատեց, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։