Սահմանափակ պատերազմն սկսվել է․ ինչի՞ց են վախենում թուրքերն ու կովկասյան թաթարները

Նովոռոսիայում և Ուկրաինայում իրադարձությունները փոխվում են կայծակնային արագությամբ։ Անց է կացվում Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողություն՝ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի ուղղությամբ։ Ավելի ճիշտ՝ Ուկրաինայի նեոբանդերական հատվածի։ Հաղորդագրությունները տարօրինակ ու հակասական են։ Սակայն մի բան պարզ է՝ Վոլնովախա քաղաքի մոտ (Դոնբասում) նացիստները ընկել են շրջափակման մեջ, ընդ որում՝ ամենափորձառու թվացող զինվորներն ու սպաները։ Ուկրաինայի 53-րդ առանձին մեքենայացված բրիգադը գտնվում է լիակատար ոչնչացման սպառնալիքի տակ, եթե չհանձնի իր զենքը. եթե ընդունեն հանձնման պայմանները, ապա այդ զինյալներին երաշխավորվում է մարդասիրական միջանցք և համաներում։ 57-րդ առանձին մեքենայացված բրիգադը չի սպասել շրջափակմանը. նրա զինյալներն արդեն անցել էին ԼԺՀ-ի կողմը՝ թքելով իրենց հրամանատարության վրա։ Ուկրաինայի սահմանապահ զորքերը ընդհանրապես դիմադրություն չեն ցույց տվել։

Ոչնչացվել են «Այդար» ազգայնական կազմավորման տանկերի կուտակումները ԴԺՀ ռազմաճակատի հարավային հատվածում և տանկային ստորաբաժանումները Կրիվոյ Ռոգում։ Անընդմեջ խոցվում են թուրքական «մեծն» «Բայրաքթար» անօդաչու սարքերը։ Այո-այո՝ այդ նույն ԱԹՍ-երը… «Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշվել են։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային բազաների ռազմական ենթակառուցվածքը շարքից հանվել է»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, որը տարածվել է փետրվարի 24-ի առավոտյան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Ընդգծվում է, որ ռազմական ենթակառուցվածքները շարքից հանվել են բարձր ճշգրտության միջոցներով։ «Խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգ չկա»,- ասել են նախարարությունից։ Սակայն դատելով արևմտյան լրատվամիջոցների թղթակիցների հաղորդումներից, միևնույն է, Ուկրաինայի քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, խուճապ է տիրում։ Ամենատարբեր տեղեկություններ կան, որ ռուս դեսանտայինները գրեթե արդեն Օդեսայում են, վերահսկողություն է հաստատվում Խերսոնի մարզի վրա և այլն։ «Խերսոնում ուկրաինական ճակատն ամբողջությամբ փլուզվել է։ Ռուսական զորքերը հասել են Դնեպր և դիմադրության չեն հանդիպել: Ես նրանց հայտնաբերեցի սահմանից 130 կիլոմետր հեռավորության վրա՝ Ուկրաինայի ներսում։ Դա անհավանական է»,- թվիթերում գրել է գերմանական Bild ազդեցիկ տաբլոիդի լրագրողը:

Ինչպե՞ս ստուգել այդ ամենը: Դեռ ոչ մի կերպ։ Ինչպես տեսնում են ընթերցողները, երբ որևէ ռազմական գործողության ակտիվ փուլ է, դժվար է ընդհանրապես որևէ բան վերլուծել և կանխատեսել։ Ուստի, առայժմ կկենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես են արձագանքում Թուրքիայում և «կովկասի-թաթարստանում»՝ նեոբանդերական Ուկրաինայի հավատարիմ դաշնակիցները։ Կովկասյան թաթարները, ըստ լրատվամիջոցների, հրատապ կերպով ցամաքային զորքերը հանել են ուսումնական տագնապով, իբր նրանք «հրատապ անհրաժեշտություն» ունեն զորավարժություններ անցկացնել «2022 թվականի մարտական ​​պատրաստության պլանին համապատասխան»։ Իբր՝ «դրված խնդիրները կատարված են»։ Անկարայի արձագանքն ավելի բարդ է։ Էրդողանը գիշերը զանգահարել է Ռուսաստանի նախագահին: Թե ինչի մասին էին նրանք խոսում, հայտնի չէ։ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Վլադիմիր Պուտինին կոչ է արել հետ կանչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել իր որոշումը և վերադառնալ դիվանագիտության և երկխոսության՝ հիմնվելով Մինսկի պայմանավորվածությունների վրա։ Սա միակ ճանապարհն է, որը մեզ կհեռացնի անդունդից։ Կոչ ենք անում կողմերին առանց հապաղելու հանդիպել բանակցությունների սեղանի շուրջ։ Պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին և անցկացնել տեխնիկական և/կամ բարձր մակարդակի հանդիպումներ»։ Թուրքիայի ԱԳՆ-ը նույնպես հրապարակել է իր հայտարարությունը. «Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ռազմական գործողությունը և մերժում ենք այն։ Այս հարձակումը, բացի Մինսկի պայմանավորվածությունների խախտումից, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և լուրջ վտանգ է ներկայացնում մեր տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգությանը։ Թուրքիան, հավատալով երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի կիրառմամբ սահմանների փոփոխությանը։ Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել այս անարդար և անօրինական գործողությունը։ Մեր աջակցությունը Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը կշարունակվի»։

Դե, աշխարհն առանց այդ էլ գիտեր, որ թուրքական ֆաշիզմն ու ուկրաինական նեոբանդերիզմը երկվորյակ եղբայրներ են։ 90-ականներից  թուրքերն ու բանդերականները սպանում էին արցախահայերին՝ իհարկե կովկասյան թաթարների կողմից։ Եվ եթե այսօր Թուրքիայի «աջակցությունը» Ուկրաինայի ֆաշիստներին պայմանավորվում է Զելենսկուն (Ուկրաինայի նախագահին) Անկարա փախչելու առաջարկով, ապա հասկանալի է, որ «կովկասի-թաթարստանում» հրատապ ռազմական տագնապը հաշվի առնելով՝ թուրքերն ու կովկասյան թաթարները վախենում են ստեղծված իրավիճակից։ Նրանց վախն այսօր պակաս չէ, քան 2008 թվականի օգոստոսին։

Այնուամենայնիվ, նույնիսկ միջանկյալ եզրակացությունների ու կանխատեսումների համար դեռ վաղ է։ Ասել, որ ամբողջ աշխարհը սպասում է, ողջ աշխարհը զգոնության մեջ է, չափազանցություն չի լինի։ Հարավային Օսիայի Հանրապետությունը զգուշացրել է Վրաստանին, որպեսզի Թբիլիսին հերթական սադրիչ արկածախնդրությունը չսկսի։ Աբխազիան հայտարարել է ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին կամավորներով, ռազմական ուժով օգնելու պատրաստակամության մասին։

Իսկ եթե հավատալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ապա նույնիսկ Կիևում բանդերական պարագլուխներին զգուշացրել են, որ գիշերը Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսելու ապառազմականացման և դենացիֆիկացիայի համար. «Ես նրանց ասացի, որ Բելառուսի նախագահը խորհուրդ է տալիս անհապաղ կապ հաստատել պաշտպանության նախարարի, Ռուսաստանի գլխավոր շտաբի հետ, որպեսզի չսկսվի այս ջարդը։ Նա այնտեղ զանգե՞լ է։ Չի զանգահարել: Նա, իմանալով, որ հակամարտությունը կարող է սկսվել, նույնիսկ չի զանգահարել Մոսկվա։ Լսեք, պատմության մեջ եղել են դեպքեր, երբ Խրուշչովը գիշերը զանգահարել է Քենեդուն և դադարեցրել են ջերմամիջուկային պատերազմը։ Իսկ այստեղ, տեսնում եք, դժվար էր զանգահարել, վերցնել հեռախոսը։ Սրիկա՛»։

Այն, ինչ տեղի է ունենում, սահմանափակ պատերազմ է, վստահաբար։ Պատերազմի համար ամբողջ մեղքը Արևմուտքի և Ուկրաինայի ղեկավարության վրա է, որոնք մերժել են Ռուսաստանի առաջարկները՝ վերականգնելու փոխվստահությունը և անբաժանելի անվտանգությունը հաստատել մոլորակի վրա։ Շարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը։

Սերգեյ Շաքարյանց