ՆԱՏՕ-ն Թուրքիային չպետք է վերաբերվի մյուս անդամներին հավասար. Հունաստանի վարչապետ

ՆԱՏՕ-ն չպետք է Թուրքիային մյուս անդամներին հավասար վերաբերվի: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

Միցոտակիսը ասել է. «Հունաստանն իր ուժերի վրա վստահ երկիր է, սակայն Արևմուտքն էլ պետք է հասկանա մի բան. ՆԱՏՕ-ի անդամները Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատից են խոսում, մինչդեռ Թուրքիայի՝ դաշինքից դուրս զենք գնելը հակասում է դրան: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն Թուրքիային չպիտի վերաբերվի մյուս անդամների պես հավասար»:

Հունաստանի վարչապետը պնդել է նաև, որ Թուրքիան սպառնում է Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությանը:

Նշենք, որ արդեն ընդունված «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքով թույլ է տրվում Ֆրանսիայից գնել 6 «Rafale» կործանիչ, 3 «Belharra» ֆրեգատ (ռազմանավ) և տորպեդոներ առկա սուզանավերի համար:

Ավելի վաղ Հունաստանը Ֆրանսիայի հետ 18 «Rafale» կործանիչի գնման փաստաթուղթ էր ստորագրել, ինչի շրջանակներում 6 կործանիչների խմբաքանակն արդեն մատակարարվել է Աթենքին: