Դատավորների նկատմամբ հետապնդումներով վեթինգ չես իրականացնի (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը։
2021 թվականին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նկատմամբ ԲԴԽ-ն հարուցված երկու գործով պատասխանատվության ենթարկելով և կարգապահապական վարույթ կիրառելով՝ նրան զրկեց դատավորի լիազորություններից։ Դատավորը հաղորդման ընթացքում ներկայացրեց այն ապօրինությունները, որոնց կիրառմամբ էլ իրեն հեռացրել են դատական համակարգից և ասաց, որ պատճառն այն էր, որ ինքը հրաժարվում էր դատախազության ցանկությունները «կռահել» և կիրառել իր կայացրած որոշումներում։ Ըստ նրա՝ նույն ոճով այսօր ազատվում են այն դատավորներից, որոնք ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու կամք ու քաջություն ունեն։
Հաղորդման հյուրը խոսեց միջդատական վարույթի նկատմամբ դատական հսկողություն իրականացնող դատավորների ինստիտուտի մասին, որը ոչ միայն դատական համակարգը բարեփոխելու համար չի ծառայեցվում, այլև հենց այդ փուլում մարդկանց անհիմն կալանավորելու որոշումներ են կայացվում։ Նա արձանագրեց, որ դատական համակարգն իրոք լուրջ բարեփոխումների կարիք ունի, մինչդեռ այդ ուղղությամբ ոչինչ չի նախաձեռնվում։
Նրա պնդմամբ՝ ԲԴԽ-ն որևէ իրավունք չունի դատելու դատավորներին, քանի որ դրա համար կա դատական եռաստիճան համակարգ, որն էլ հենց կոչված է վերահսկելու մեկը մյուսին։ Մինչդեռ գերագույն դատողի դերը ԲԴԽ-ը վերագրել է իրեն և իրավունք է վերապահում դատավորներին զրկել լիազորություններից, մինչդեռ մեզանում ԲԴԽ-ի գործունեությունը վերահսկող կառույց գոյություն չունի։
Մանրամասները՝ տեսանյութում

