Վստահ եմ՝ Իրանի հետ բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն. Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ իր ուղերձում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ համագործակցությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։

