Վերջին շրջանի ռազմական գործողությունները կնպաստեն Եմենում և տարածաշրջանում պատերազմի վերսկսմանը. Իրանի արտգործնախարար

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ վերջին շրջանում տեղի ունեցող ռազմական գործողությունները կնպաստեն Եմենում և տարածաշրջանում պատերազմի վերսկսմանը: Գրում է parstoday.com-ը:

Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հինգշաբթի օրը Թեհրանում հանդիպել է  Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ Հանդիպման ընթացքում Աբդոլահիանն անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, ընդգծել է Իրանի և Կատարի միջև ավելի սերտ խորհրդակցությունների և Եմենում ու Աֆղանստանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը։

Իրանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը հայտարարել է.«Վերջին շաբաթների ընթացքում Եմենում ռազմական գործողությունների ինտենսիվությունն աճել է, ինչը կարող է հանգեցնել Եմենում և տարածաշրջանում պատերազմի վերսկսմանը և խոչընդոտել խաղաղության հաստատմանը»։

Կատարի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ նշել է, որ իր երկիրը մտահոգված է տարածաշրջանում նոր լարվածության աճով, համոզված է, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի և իրավիճակը պետք է լուծում ստանա միայն երկխոսության միջոցով, քանի որ ներկա  իրավիճակը չի բխում այդ երկրի շահերից։

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարցերի, տարածաշրջանի կարևոր զարգացումների, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ։