Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ տարածաշրջանային ուժերը բավարար չեն լինի․ ՌԴ ՊՆ փոխնախարար
«Հենակետը» ներկայացնում է շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ։
Ռուսաստան
- Ռուսաստանի և Բելառուսի ՌՕՈւ-ի ռազմական ներուժը կարող է ամբողջ ծավալով գործի դրվել անվտանգության լուրջ սպառնալիքի դեպքում: Համապատասխան ծրագրերը, ըստ ՌԴ ՊՆ տեղեկատվության, քննարկվում են զինվորականների կողմից:
- ՌԴ ՊՆ փոխնախարար Ֆոմինի հայտարարությունը օտարերկրյա ռազմական կցորդների համար. «Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ տարածաշրջանային ուժերը բավարար չեն լինի, և ձեռք է բերվել այն ըմբռնումը, որ ընդհանուր պաշտպանության համար անհրաժեշտ կլինի ներգրավել երկու երկրների (ՌԴ և Բելառուսի) ռազմական ողջ ներուժը»։
- Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մեղքով եվրոպական անվտանգության ոլորտում իրավիճակը ճգնաժամային է դարձել։ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի ընդլայնման պահանջի անթույլատրելիության մասին։ Ռյաբկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։ Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի ռիսկեր չկան։
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները հաստիքային տեխնիկայով ժամանում են Բելառուս համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: Այդ կապակցությամբ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսի տարածքում «Ուկրաինայի վրա ենթադրյալ հարձակման» և «Ռուսաստանի միջուկային ուժերի» տեղակայման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները երևակայությունների և սարսափազդու պատրանքների շարքից են:
- «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանի ՊՆ-ն երկաթուղու միջոցով Արևելքից Բելառուս է ուղարկել Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ երկու դիվիզիոն:
- ՌԴ-Իրան բանակցությունների օրակարգում են երկկողմ համագործակցության հարցերի մի համալիր, որոնք ընդգրկում են միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի կատարման խնդիրը:
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մամլո ասուլիսի կարևոր շեշտադրումները ՌԴ-ի հետ բանակցությունների և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
ü ԱՄՆ-ը Ռուսաստանին իսկական «աղետ» է խոստացել Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում,
ü Պուտինը «երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսին ես խոստացել եմ կիրառել»,
ü Ռուսաստանին կարող են արգելվել դոլարով գործարքներ իրականացնել, բայց դա լրջորեն կհարվածի նաև ԱՄՆ-ին,
ü ՆԱՏՕ-ն պատերազմ չի ուզում,
ü Պուտինը դեռ չի որոշել, թե ինչպես վարվել Ուկրաինայի հետ,
ü ՆԱՏՕ-ում միասնական կարծիք չկա Ուկրաինայի թեմայով գործողությունների վերաբերյալ, բայց Բայդենը մտավախություն ունի, որ դաշինքը կներքաշվի պոտենցիալ հակամարտության մեջ,
ü Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս փուլում քիչ հավանական է՝ «Եթե ելնենք նրանից, թե որքան աշխատանք պետք է կատարեն նրանք ժողովրդավարության ոլորտում»,
ü Եվրոպայում ԱՄՆ-ը չի կրճատի իր ռազմական ներկայությունը
ü Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցությունների երեք փուլերն արդյունք չտվեցին
ü ԱՄՆ-ն կմտածի Ուկրաինայում ռազմավարական սպառազինություն չտեղակայելու ՌԴ պահանջի մասին։
- Ռազմական անվտանգության և սպառազինության վերաբերյալ Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հայտարարել է, որ «եկել է ճշմարտության պահը, երբ Արևմուտքը կամ ընդունում է ՌԴ առաջարկները, կամ գտնվելու են Ռուսաստանի անվտանգության ապահովման այլ ուղիներ։ Գավրիլովը համոզմունք է հայտնել, որ ցանկացած իրավիճակում բարի կամքի առկայության և փոխզիջման գնալու պատրաստակամության դեպքում կարելի է փոխընդունելի լուծումների ելքեր գտնել: «Մենք քիչ ժամանակ ունենք։ Հետհաշվարկի մեկնարկը տրված է»,-ասել է նա։
- Սպիտակ տունը պարզաբանել է Բայդենի մամուլի ասուլիսի արդյունքները:
- ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժում կհամարի ուկրաինական սահմանի անցումը ռուսական ԶՈւ ցանկացած ուժերի կողմից,
- Պատասխանը կլինի կոշտ, արագ և միանշանակ
- Ուկրաինական ինտերնետ ռեսուրսների վրա կիբերհարձակումները կհանգեցնեն սիմետրիկ և կոշտ պատասխանի։
- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն հունվարի 20-ին իրականացրել է ռազմական արտադրանքի ընդունում։ Մասնավորապես 2021թ.-ի չորրորդ եռամսյակում զորքերին փոխանցվել է C-400 և C-350 ԶՀՀ 2 կոմպլեկտ, օդատիեզերական ուժերը ստացել են 17 նոր և 18 վերանորոգված ինքնաթիռներ, 93 նոր և 7 նոր ԱԹՍ-ներ, 3 հրթիռ-կրիչ, 3 ցնդող բլոկներ, «Մերիդիան» արբանյակային կապի միասնական համակարգի տիեզերական ապարատներ և այլ տեխնիկա, իսկ ցամաքային զորքերը ստացել են «Իսկանդեր-Մ»-ի 3 կոմպլեկտ։
- Մերձերկրային տիեզերական տարածության վտանգավոր իրավիճակների նախազգուշացման «Ծիր Կաթին» ավտոմատացված համակարգը, որն այժմ մշակվում է Ռուսաստանում, ռադիոլոկացիոն կայաններ կներառի ոչ միայն ՌԴ-ում, այլև այլ երկրներում: Հայտարարել է գլխավոր կոնստրուկտորը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
- Հունվարի 21-ին Հնդկական օվկիանոսի ջրային տարածքում մեկնարկել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային «Անվտանգության ծովային գոտի-2022» զորավարժությունները: Որ ընթացքում խաղարկվելու են այրվող նավի փրկության, ահաբեկիչների կողմից գրավված նավի ազատագրման և գիշերային ժամերին օդային թիրախներ խոցելու սցենարներ։
- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեհաստանը, Լիտվան և Ուկրաինան մեծացնում են ռազմական ներկայությունը Միութենական պետության սահմանների երկայնքով և ստիպում են Ռուսաստանին ու Բելառուսին համարժեք արձագանքել նման սադրանքներին։
- 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ավելի քան 140 մարտական և օժանդակ նավեր, 60-ից ավելի թռչող սարքեր և շուրջ 10 հազար զինծառայողներ վարժական գործողություններ կիրականացնեն Ռուսաստանի պատասխանատվության բոլոր գոտիներում ռազմածովային նավատորմի մի շարք զորավարժությունների շրջանակներում: Զորավարժություններն ուղղված են լինելու ռազմածովային և օդատիեզերական ուժերի հետ համատեղ գործողությունների մշակմանը, որոնք ուղղված են համաշխարհային օվկիանոսում ռուսական ազգային շահերի պաշտպանությանը:
- ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ նախագահի կողմից խնդիր է դրված մինչև տարեվերջ ռազմական հատուկ տեխնիկայի սպառազինության նմուշների արդիականացման մակարդակը հասցնել 72,7%-ի:
- ՌԴ ռազմածովային նավատորմի վեց մեծ դեսանտային նավեր զորավարժությունների անցկացման համար ուղևորվել են Միջերկրական ծով: Զորավարժություններին կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան, Հյուսիսային և Բալթյան նավատորմի ուժերը։
- Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Պուտինն ու Մադուրոն պայմանավորվել են ակտիվացնել ռուս-վենեսուելական շփումները տարբեր մակարդակներում։
- Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ նախարար Սերգեյ Շոյգուն պատրաստ է բանակցություններ վարել իր բրիտանացի գործընկերոջ հետ Մոսկվայում ցանկացած ժամանակ: Իսկ մինչ այդ հունվարի 17-ին Ուկրաինային զենք մատակարարելուց առաջ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Շոյգուին հրավիրել է Լոնդոն։
- Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցություններից հետո արած հայտարարության շեշտադրումները. Լավրովը կոչ է արել Բլինկենին օգտագործել իր ազդեցությունը Կիևի վրա, որ վերջինս խելքի գա, ճիշտ կլիներ հրապարակայնացնել ԱՄՆ-ի պատասխանը ռուսական առաջարկներին։ Իր հերթին Էնթոնի Բլինկենը հայտարարել է. ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստ են աշխատել անվտանգության ոլորտում Ռուսաստանի մտահոգությունների լուծման ուղղությամբ, Ռուսաստանը կանգնած է ընտրության առջև, բանակցություններ կամ հակամարտություն. ԱՄՆ-ն պատրաստ ենք երկու տարբերակներին էլ։ «խոստացել եմ Լավրովի հետ հանդիպման արդյունքում խորհրդակցություններ անցկացնել Բայդենի, Կոնգրեսի և դաշնակիցների հետ, Ռուսաստանը պետք է սկսի Ուկրաինայի սահմաններից զորքերի հետքաշումից, եթե ցանկանում է համոզել աշխարհին ագրեսիվ պլանների բացակայության մեջ։
- Միացյալ Նահանգները դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետների ընտանիքների տարհանման հնարավորությունը՝ Ռուսաստանի սպասվող ներխուժման պարագայում։
- CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների կապակցությամբ Վաշինգտոնի գրավոր պատասխանը չհրապարակել։
- Վենեսուելան կարող է ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին ԱՄՆ-ի կողմից ճնշման ուժեղացման դեպքում։ Հայտարարել է Կարակասում ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը։
- ԱՄՆ պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելելել Ռուսաստան Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով։
- ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիովին հավատարիմ է Ռուսաստանի հետ ընթացիկ լարվածության թուլացման դիվանագիտական ճանապարհին։ Մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը դեռ չի մահացել, դեռ ժամանակ կա։ Բայց անհեռատես կլիներ պատրաստ չլինել իրադարձությունների բացասական զարգացմանը։ Հենց այդ պատճառով էլ մենք դիտարկում ենք Արևելյան Եվրոպայում ուժերի տեղակայման տարբերակը։ Սա դեռ տեղակայում չէ, այլ գտնվում է քննարկման փուլում։ Ներխուժման դեպքում Ուկրաինայի տարածքում ամերիկացի զինվորականների տեղակայման ծրագրեր չկան։ Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր ուժերը տարածաշրջանում։ Դեէսկալացիայի նշաններ չկան։ Ասված է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։
- Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ՌԴ ռազմաբազաները 2022թ. ընթացքում կհամալրվել ավելի քան 70 միավոր ռազմատեխնիկայով: Հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Լապինը:
Ուկրաինա
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ես իրատեսական չեմ համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու սցենարը»։
- CNN-ի հաղորդմամբ, պաշտոնական անձինք, որոնց հաջողվել է ծանոթանալ վերջին հետախուզական տվյալներին, հայտնել են, որ Ռուսաստանը պլանավորում է գրավել Կիևը և տապալել Ուկրաինայի գործող իշխանությունը:
- Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը տվյալներ ուներ այն մասին, թե Ռուսաստանը պատրաստվում էր Ուկրաինայից տարհանել իր դիվանագետների ընտանիքներին։ Այժմ մենք գտնվում ենք այն փուլում, երբ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ներխուժել Ուկրաինա»։
- BBC-ն հայտնում է, թե Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին հրահանգվել է պատրաստ լինել կարճ ժամկետում անցնել աշխատանքային «ճգնաժամային ռեժիմի»։
- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «Ուկրաինայի շուրջ լարվածության նվազեցման» նպատակով շրջագայություն է իրականացնում։ Նա կլինի Կիևում, Բեռլինում և կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ Ժնևում: Բլինկենը Կիևում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կնախընտրեր Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Բլինկենը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում ամերիկացի դիվանագետների տարհանումը կարող է ամեն պահի իրականացվել, քանի որ «Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է ներխուժել Ուկրաինա»։
- Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին հրավիրել է Թուրքիա, որտեղ Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ապաԷսկալացման շուրջ բանակցություններում: Իսկ Էրդողանը մոտ ժամանակներս մտադիր է պաշտոնական այցով մեկնելԿիև։
- Բրիտանական Daily Mail-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությանը, հայտնում է, որ Ռուսաստանը չի սահմանափակվի Ուկրաինայի տարածքում լոկալ գործողությամբ, այլ կփորձի հնարավոր առավելագույն «կտոր» վերցնել: Լոնդոնում վստահ են, որ Բելառուսում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայումը զորավարժությունների «լեգենդի» ներքո ներխուժման նախապատրաստությանն է միտված։ Նշենք, որ Հունվարի 17-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր Ուկրաինային հակատանկային սպառազինությունների մատակարարումների մեկնարկի մասին: Վերջին մի քանի օրվա ընթացքում Կիևում վայրէջք է կատարել առնվազն յոթ տրանսպորտային C-17A ինքնաթիռներ՝ բեռնված բրիտանական սպառազինությամբ։
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով խուճապի չմատնվել Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին լուրերի պատճառով և նշել է, որ երկիրը պատերազմ չի ցանկանում, «բայց միշտ պետք է պատրաստ լինի դրան»:
- Ուկրաինայի նախագահ Զելենսկին ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ՌԴ-ի նկատմամբ հիմիկվանից պատժամիջոցներ կիրառել, ոչ թե սպասել ներխուժումից հետո։
- Վլադիմիր Զելենսկին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ լայնածավալ պատերազմի պարագայում հնարավոր է Խարկովը օկուպացվի Ռուսաստանի կողմից։ Պատերազմի դեպքում կլինեն հարյուր հազարավոր զոհեր, իսկ Եվրոպային կսպասվի Եվրոպային «սուր միգրացիոն ճգնաժամ»։
- «Politico» պարբերականը գրում է, թե ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային հակատանկային հրթիռների և ամերիկյան արտադրության այլ սպառազինությունների մատակարարման վերաբերյալ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հարցմանը: ԱՄՆ-ի հետ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման մասին համաձայնագրի շրջանակներում Էստոնիան կարող է Ուկրաինային մատակարարել Javelin, իսկ Լիտվան՝ Stinger շարժական զենիթային հրթիռային համալիրներ:
- Ուկրաինայի կառավարությունը թույլատրել է կամավորական կազմավորումների անդամներին, որոնք զինծառայողներ չեն, պաշտպանական խնդիրների կատարման ժամանակ մարտերում կիրառել անձնական որսորդական զենքը։
- Ուկրաինայի զինված ուժերը Բելառուսի հետ սահմանին «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրներ են տեղափոխում ռուս-բելառուսական զորավարժություններով պայմանավորված։
- Միայն երեք օրվա ընթացքում հունվարի 17-19-ը Մեծ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել է 2000-ից ավելի NLAW հակատանկային հրթիռային համալիրներ։ Կիև են ժամանել նաև բրիտանացի հրահանգիչները ռեյնջերների էլիտար ստորաբաժանման կազմից:
- Չեխիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Ուկրաինային թռչող սարքեր մատակարարելու պատրաստակամության մասին։ Խոսքը, ենթադրաբար, հրետանային զինամթերքի մասին է, որոնց դեֆիցիտը Ուկրաինայի ԶՈւ-ն զգում է Դոնբասի մարտական գործողությունների գոտում:
- Մեծ Բրիտանիան կարող է լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ ուղարկել ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք սահմանակից են Ուկրաինային, որպես «ռուսական ագրեսիայի» զսպման գործոն:
- ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետների ընտանիքների տարհանման հնարավորությունը։
- Կանադան Ուկրաինային մոտ 96 մլն դոլարի վարկ կտրամադրի, որը հավանաբար կուղղվի սպառազինությունների գնմանը:
- Գերմանիան չի ծրագրում թռչող սարքեր մատակարարել Ուկրաինային։ Հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Իսկ The Wall Street Journal-ը գրում է, թե Գերմանիան Էստոնիային արգելել է իրեն մատակարարված հրետանային համակարգերը փոխանցել Ուկրաինային։ Բացի այդ Գերմանիան փոխարենը Ուկրաինայի ԶՈւ-ին կտրամադրի դաշտային հոսպիտալ։
- Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը դիմել է Պետդեպին՝ խնդրելով տարհանել Կիևից դիվանագետների բոլոր երկրորդական աշխատակիցներին և ընտանիքների անդամներին: Հունվարի 22-ի երեկոյան Կիև Է ժամանել ԱՄՆ-ի զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության Boeing 747 ինքնաթիռը՝ սպառազինությամբ բեռնավորված, որով էլ կարող է կազմակերպվել դիվանագետների դուրսբերումը:
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելելել կամ ձեռնպահ մնալ Ուկրաինայի տարածքով ցանկացած ուղևորությունից: Այն քաղաքացիները, ովքեր ժամանում են կամ արդեն գտնվում են Ուկրաինայում, պետք է գրանցվեն դիվանագիտական ներկայացուցչություններում։
- Կանադան ավիափոխադրողներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ուկրաինայի արևելյան հատվածի և Սիմֆերոպոլի գոտում (Ղրիմ) թռիչքներից հակաօդային պաշտպանության միջոցների բարձր ակտիվության պատճառով: Նախազգուշացումը գործում է հունվարի 19-ից 3 ամիս ժամկետով:
- Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ «ռուսական ներխուժման» դեպքում Բրիտանական զորքեր Ուկրաինա ուղարկելը չափազանց քիչ հավանական է, բայց մենք կշարունակենք սովորեցնել և աջակցել ուկրաինացի զինվորականներին»։
- Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ուկրաինացիները տասնամյակներով կհիշեն Կիևին զենք մատակարարելու Գերմանիայի մերժումը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն շարունակում է համակարգված կերպով փչացնել հարաբերությունները Բեռլինի հետ:
- Շվեդիան զենք չի մատակարարի Ուկրաինային։
- Լեհաստանը «ռուսական ներխուժման» դեպքում չի ծրագրում իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա։
- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը կոչ է անում չդրամատիզացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բանակցությունները շարունակվում են։ Դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանումը ավելորդ քայլ է։
- Կիևից արտասահմանցի դիվանագետների տարհանումը մեծ թափ է ստանում։ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո Ուկրաինայում իրենց դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանման մասին է հայտարարել նաև Ավստրալիան՝ «Բոլոր ավստրալացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը»։
- Լեհաստանի ՊՆ-ն հայտարարել է. «Ուկրաինան մեր դաշնակիցն է։ Պատերազմի դեպքում մենք պատրաստ ենք ապաստան տրամադրել կանանց և երեխաներին։ Իսկ եթե Ուկրաինան դիմի մեզ զորք ուղարկելու խնդրանքով, մենք դա կքննարկենք»։
- Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ ԶՈւ-ն ավելացել է 11 հազար զինծառայողներով:
ՆԱՏՕ
- Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ Ֆինլանդիան մտադիր չէ մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին (համենայնդեպս՝ իր վարչապետության օրոք), բայց պատրաստ է եվրոպական դաշնակիցների և ԱՄՆ-ի հետ միասնական լինել Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցում, եթե վերջինս հարձակվի Ուկրաինայի վրա։
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. «Այսօր ես հրավիրել եմ Ռուսաստանին և ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակից երկրներին մոտ ապագայում մասնակցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում մի շարք հանդիպումների։ Մենք նաև պատրաստ ենք վերսկսել միջուկային զենքի վերաբերյալ զորավարժությունների և մեր դոկտրինների վերաբերյալ փոխադարձ ճեպազրույցները»։ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ «Արևմուտքի ռազմատենչ հայտարարությունները «դեմքը պահպանելու» փորձեր են։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պատրաստ են երկխոսության»։
- Էստոնիայի տարածքում Ռուսաստանի հետ զինված հակամարտությունը մոտ ժամանակներս քիչ հավանական է համարել Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մարտին Հերեմը։
- Արկտիկայում ՆԱՏՕ-ի կազմակերպած խոշորագույն «Cold Response-2022» զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ ՌԾՈւ USS Harry S. Truman (CVN-75) ատոմային ավիակիրը և բրիտանական HMS Prince of Wales-ը (CVF): 35 հազար զինվորականների և հարյուրավոր տեխնիկայի մասնակցությամբ մանևրների նպատակը Հյուսիսի պայմաններում փոխգործակցության մշակումն է։ ՆԱՏՕ-ն չի թաքցնում, որ զորավարժությունները «ուղղված են» տարածաշրջանում Ռուսաստանի աճող ազդեցությանը հակազդելուն։ Հետաքրքրական է, որ զորավարժություններ կանցկացվեն «Դաշնակցային վճռականություն-2022» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ավարտից հետո:
- ՆԱՏՕ-ն չի հրաժարվի Ռումինիայում և Բուլղարիայում ռազմական ներկայությունից, ինչպես դա պահանջում է Ռուսաստանը։ Այս պահին անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական գրեթե բոլոր առաջարկները մերժվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից:
- Պենտագոնը հայտարարել է, որ հունվարի 24-ին Միջերկրական ծովի ջրատարածքում կմեկնարկի «Neptune Strike-2022» ռազմածովային զորավարժությունները, որին ներգրավվելու է «USS Harry S. Truman» ատոմային ավիակիրը: Նշենք, որ ՌԴ ՌԾՈւ մի խումբ նավեր նույնպես ուղևորվել են Միջերկրական ծով զորավարժությունների անցկացման համար։
- Ռումինիայի ՊՆախարար Վասիլյե Դինկուն բնակչությանը խորհուրդ է տվել խուճապի չմատնվել և չպատրաստվել պատերազմի, քանի որ երկիրը մտադիր չէ Ռուսաստանի դեմ պատերազմել Ուկրաինայի համար:
- Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասսը հայտարարել է Լեհաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ դաշինքի ստեղծման մասին, որն ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ և նպատակ ունի ուժեղացնել Մեծ Բրիտանիայի ազդեցությունն Արևելյան Եվրոպայում:
- Բելգիայի բանակը պատրաստվում է բարձր ինտենսիվության հակամարտության։ ՆԱՏՕ-ն իր ուժերը տեղափոխում է պատրաստության վիճակի և լրացուցիչ ռազմանավեր ու կործանիչներ է ուղարկում Արևելյան Եվրոպայում դաշինքի տեղակայման վայրեր:
Թուրքիա
- Հունվարի 18-ին Թուրքիայի հարավ-արևելքում նավթամուղ է պայթել։ Վարկածներից մեկը ահաբեկչությունն է։
- ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մտադիր է հավանության արժանացնել ամերիկյան F-16 Block 70 կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ հիմնավորելով այն Սևծովյան տարածաշրջանում դաշնակիցների ուժեղացման անհրաժեշտությամբ։
- Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ծրագրում է այս տարի Թուրքիայից ստանալ պատվիրված բոլոր 24 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ-ները և սարքավորումները ինչպես նաև կառավարվող MAM-L հրթիռները։
- Թուրքիայի ՊՆախարար Հուլուսի Աքարաը հայտարարել է. «Ընդգծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ճգնաժամը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:
- Թուրքական Baykar ընկերությունը հայտարարել է AKINCI ԱԹՍ-ների արտահանման առաջին խոշոր պայմանագրի կնքման մասին։ Պատվիրատուն չի բացահայտվել, սակայն ավելի վաղ անօդաչու սարքի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են հայտնել Ադրբեջանն ու Ուկրաինան։ Առաջին ԱԹՍ-ների մատակարարումները պետք է սկսվեն հաջորդ տարի։
Իրան
- Իրանցի սահմանապահները սկսել են կիրառել իրանական արտադրության Naja ջերմատեսիլ տեսախցիկներ։
- Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Վ.Պուտինի հետ հանդիպմանն ասել է.
- «Իրանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության ամրապնդումը տարածաշրջանի անվտանգության բարձրացման համար խթան կհանդիսանա,
- Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հաջողված փորձը կարող է կիրառվել Կովկասում և Աֆղանստանում,
- Կովկասում և Կենտրոնական Ասիայում ցանկացած քողի ներքո ՆԱՏՕ-ի ներթափանցումը հակասում է անկախ երկրների ընդհանուր շահերին»:
- Ռայիսին ընդգծել է նաև Կովկասում սահմանների անփոփոխելիության և տարածաշրջանում ազգային ինքնիշխանության պահպանման կարևորությունը:
- Իրանի նախագահը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Վլադիմիր Պուտինին առաջարկել է միասնական ճակատով հանդես գալ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների դեմ:
- Իրանի նախագահ Ռաիսին ՌԴ Պետդումայում հայտարարել է՝ «Ներկայումս մենք տեսնում ենք, որ գերիշխանություն հաստատելու ռազմավարությունը (այդ թվում և պատժամիջոցների միջոցով) պարտություն է կրել, և Միացյալ Նահանգները գտնվում է իր ամենաթույլ դիրքերում»։ Իրանի նախագահը նաև նշել է. «ՆԱՏՕ-ն տարբեր երկրների աշխարհագրական տարածքներ է ներթափանցում տարբեր պատրվակներով և քողարկումներով։ Արևմտյան մոդելի տարածումը և անկախ ժողովրդավարություններին դիմակայելը, ժողովրդի, մշակույթի և ավանդույթների ինքնագիտակցությանը դիմակայելը, դա է հենց ՆԱՏՕ-ի օրակարգում»։
Իրաք
- 11 իրաքցի զինվորական է սպանվել Իրաքի արևելյան հատվածում ԻՊ-ի ահաբեկիչների հարձակման հետևանքով։
- Իրաքի իշխանությունները ուժեղացրել են վերահսկողությունը Սիրիայի հետ սահմանին ԻՊ ահաբեկիչների կողմից գրոհված Հասեկեում գտնվող քրդական բանտից հարյուրավոր գրոհայինների փախուստի մասին տեղեկություններից հետո։
Սիրիա
- Սիրիայի հյուսիսում ամերիկյան պարեկության իրականացնող ստորաբաժանումները հետդարձ են կատարել ռուս զինվորականների միջամտությամբ։
- Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիային հաջողվել է երկրում ահաբեկչական սպառնալիքները զգալի չափով հաղթահարել՝ շնորհիվ Ռուսաստանի և Իրանի օգնության:
- Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներն առաջին համատեղ պարեկությունն են անցկացրել Սիրիայի օդային տարածքում:
- Ռուսաստանի օդատիեզերական ուժերի МиГ-29СМТ կործանիչները տեղափոխվել են Սիրիայի Հոմս նահանգի Տ4 ավիաբազա:
Իսրայել
- Իսրայելը գերմանական ThyssenKrupp-ի արտադրության երեք սուզանավ կգնի սկզբնական արժեքից երկու անգամ բարձր գնով։ Ընկերությունը բարձրացրել է իր արտադրանքի գները, իսկ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է ավելացնել այն սուբսիդիաները, որոնք կտրամադրվեն Իսրայելին գների բարձրացման կապակցությամբ:
- Կիևում կբացվի կիբեռանվտանգության հարցերով ուսումնական կենտրոն՝ Իսրայելի ՊՆ կիբեռհարձակումների բաժնի նախկին պետի ղեկավարությամբ:
- Իսրայելի պաշտպանության նախարարությունը «Arrow 3» զենիթահրթիռային համալիրի փորձարկումներ է իրականացրել։ Նախարարը հայտարարել է այդ փորձի հաջողության մասին։
- Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, որոշ տվյալներով, «ռուսական ներխուժման» դեպքում Ուկրաինայի տարածքից իր քաղաքացիներին տարհանելու ծրագիր է պատրաստում: Ուկրաինայում բնակվող բոլոր իսրայելցիներին հրահանգվել է շտապ գրանցվել ԱԳՆ հատուկ ռեսուրսում։ Երկրում այժմ բնակվում է Իսրայելի առնվազն 10 հազար քաղաքացի, որոնք կարող են դուրս բերվել, այդ թվում ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի աջակցությամբ: Որպես առաջնահերթ միջոց դիտարկվում է իսրայելցի դիվանագետների ընտանիքների տարհանման հնարավորությունը։
- Իսրայելի ՌՕՈւ-ն 2022 թվականին ավելի շատ F-35I և F-15 կործանիչներ կստանա ԱՄՆ-ից, որոնցից կձևավորվի նոր էսկադրիլիա:
Աֆղանստան
- Պենտագոնում հայտարարել են, որ Աֆղանստանի նախկին ՌՕՈՒ ինքնաթիռները, որոնք այժմ գտնվում են Ուզբեկստանի տարածքում, թալիբներին չեն փոխանցվի:
- Կրեմլում ընթացած Ռուսաստանի և Իրանի նախագահների բանակցությունների շրջանակներում քննարկվել է նաև Աֆղանստանի իրադրությունը:
- Աֆղանստանից տարհանված առնվազն 90 մարդ դեռ շարունակում են մնալ Կոսովոյի Քեմփ-Բոնդսթիլ ամերիկյան ռազմաբազայում ֆիլտրացիոն միջոցառումների շրջանակներում: Նրանց կարող են արտաքսել հայրենիք թալիբների և այլ ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի պատճառով։
ՀԱՊԿ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Աֆղանստանում ավազակախմբերի ակտիվության ռիսկի և հումանիտար ճգնաժամի խորացման պատճառով Տաջիկստանի սահմանները գտնվելու են ՀԱՊԿ-ի հատուկ ուշադրության տակ։
- ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների դուրսբերումն Ղազախստանից ավարտվել է: Խաղաղապահ գործողության հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նույնպես մեկնել է Մոսկվա:
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչիի հետ տեսակոնֆերանսի ժամանակ տեղեկացրել է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը համեմատաբար կայուն է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ: «Իրադրության հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պետական սահմանի սահմանազատման և սահմանազատման գործնական աշխատանք»,- ասել է նա։
- Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել զինված ուժերի կառուցվածքում հատուկ գործողությունների ուժերի հրամանատարություն ստեղծելու մասին։

