Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել․ Ռոբերտ Քոչարյան
Ղարաբաղյան հարցի կարգավորման Մեղրիի տարբերակում Թուրքիան ընդհանրապես չկար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Մեղրիի տարբերակը, որն իր իշխանության տարիներին առաջարկվում էր իբրև լուծում Ղարաբաղյան հարցի կարգավորման համար, ինչո՞վ է տարբերվում այն տարբերակից, որն հիմա է իրագործվում է, և որն էլ ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։
«Իսկ դուք տարբերությունը չե՞ք տեսնում։ Եզրեր չկան։ Այն ժամանակ խոսքը գնում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը ևս ունենալու է նույն կարգավիճակը, ինչ Ղարաբաղը։ Միջանցքի լայնությունը, ինչը այդ փաստաթղթերում գրված չի, բայց այն ժամանակ անվտանգության տեսանկյունից ես այսպես էի ձևակերպել՝ գրադի հեռահարության երկու կողմի վրա՝ 21–21՝ 42 կմ միջանցք։ Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ, այսօրվա Ղարաբաղի անորոշության և անվտանգային առումով և կարգավիճակի հետ. տարբերությունը դրա մեջ է»,- ասաց երկրորդ նախագահը։
Հարցին՝ ինչո՞ւ այդ տարբերակը չիրագործվեց, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել։ Ես իմ գրքում դրա մասին մանրամասնորեն գրել եմ։ Ինքն ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, ասաց՝ համարում է, որ ինքը գերագնահատել է իր հնարավորությունը՝ ազդելու հասարակական կարծիքի վրա»։
Երկրորդ նախագահն ընդգծեց, որ այդ տարբերակով խոսքը ընդամենը գնում էր ճանապարհի իրավունքի մասին, իսկ երկաթուղայինի մասին խոսք չկար. «Խոսքը գնում էր ավտոմոբիլային ճանապարհի մասին՝ Էստակադա թունել»։

