Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք․ Փաշինյան

Սոչիում ընթացող եռակողմ բանակցություններում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի ու իր անունից ցավակցեց Պուտինին՝ Կուզբասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով մարդիկ են զոհվել։

Ապա  ընդգծեց Ռուսաստանի ու Պուտինի անձնական դերը՝ 44-օրյա պատերազմի դադարեցման գործում, նշելով, որ ռուս խաղաղապահները կարևոր դեր են խաղում ԼՂ-ում ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։

«Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը,- հայտարարեց Փաշինյանը։- Մենք նաև անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ և ապաշրջափակմամբ»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։ «Սակայն ուզում եմ ընդգծել, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կուզեինք։ Անցած տարվա նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել ոչ միայն Ղարաբաղում։ Այս տարվա մայիսից մենք ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել, բայց պետական սահման կա, և դա Հայաստանի սուվերեն տարածքն է»,- ասաց Փաշինյանը։