Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից բերման են ենթարկել 2 քաղաքացու

Ոստիկաններն այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից բերման են ենթարկել 2 քաղաքացու:

«Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»,-հայտնել են ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք մետրոյում ներկայացրել են իրենց պահանջները և հայտարարել, որ նահանջ չի լինելու։ «Ապաքաղաքական բողոքի ակցիա է։ Բողոքի ակցիան նաև ձեր երեխաների անվտանգության համար է, զինվորին պետք է զինեն, առաջնագիծը պետք է պաշտպանել։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու: Մեր նպատակն է թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել, կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը»,-ասել են ակցիայի մասնակիցները:

Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ «Երիտասարդական» կայարանի աշխատանքները վերականգնվել են 8։ 41 րոպեից։