Միակ բանը, որ դատարկվում է խոշորացված համայնքներում, ոմանց դարակներն է․ Գնել Սանոսյան

Պետությունը խոշորացման գործընթացն իրականացնում է նաև անուղղակիորեն կանխելու համար փոքր համայնքներից մեծ համայնքներ, մայրաքաղաք բնակչության արտահոսքը, սակայն գործող որոշ համայնքապետեր սկսել են դատարկել խոշորացվող համայնքների գյուղապետարանների դարակները: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

«Հանրության մեջ խոշորացման գործընթացի նկատմամբ բացասական վերաբերմունքի բացատրություններից մեկը նաև այն է, որ խոշորացման արդյունքում բնակավայրերը դատարկվում են, երիտասարդ ընտանիքները լքում են փոքր բնակավայրերը, արտագաղթում են մայրաքաղաք կամ խոշոր քաղաքներ»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ու հարցրեց, թե ինչ միջոցառումներ են նախատեսում, որպեսզի սոցիալական ապահով միջավայր ստեղծվի այդ բնակավայրերում երիտասարդ ընտանիքների կայացման համար»:

Գնել Սանոսյանն արձագանքեց. «Իսկապես երկար ժամանակ է՝ հատկապես փոքր, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերից արտագաղթ ունենք: Դա լրջագույն խնդիր է, նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է»:

Անդրադառնալով նրան, թե խոշորացվող գյուղերում ինչ է կատարվում՝ ասաց. «Չգիտես ինչու, գործող որոշ համայնքապետեր սկսել են դատարկել խոշորացվող համայնքների գյուղապետարանների դարակները: Ես հորդորում և պահանջում եմ ոչինչ չդատարկել: Դա իրենց տունը չէ, իրենց թղթերը չեն, համայնքի թղթերն են, ոչ մեկը թող իր հետ ոչինչ չտանի: Մենք հիմա այդպիսի պրոցես ենք նկատում: Մարդկանց թվում է, թե ամեն ինչ կարող են իրենց հետևից մաքրել, գնալ, թող թողնեն համայնքների բազաները կուտակվի, հավաքվի մի տեղ, որպեսզի նոր համայնքապետարանը, աշխատակազմը կարողանա նորմալ փաստաթղթերով աշխատել, իրենք էլ տարիներով իրավապահ մարմինների դռները չընկնեն: Միակ բանը, որ դատարկվում է խոշորացված համայնքներում, ոմանց դարակներն է»,-ասաց Սանոսյանը: