Իրան. հաքերները բացահայտում են Իսրայելը, իսկ «Բասիջ» աշխարհազորայինները պատրաստվում են…
Իրանի առաջատար և հեղինակավոր թերթերից մեկը՝ «Tehran Times»-ից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 27-ի առավոտյան «Moses Staff» անունով հաքերների խումբը կոտրել է Իսրայելի պաշտպանության նախարարության կայքը (կարդացեք՝ Պատերազմի նախարարություն)՝ մուտք ունենալով վերջին որոշ տեղեկությունների։ «Moses Staff»-ը հաքերների խումբ է, որը նախկինում հարձակվել է Իսրայելի փոստային ընկերության, ինչպես նաև որոշ անկախ ընկերությունների կայքերի վրա: Նրանք վաղուց են սկսել իրենց աշխատանքը, սակայն Telegram-ը արգելափակել է նրանց ալիքը, ուստի հոկտեմբերի 22-ին նրանք գործարկել են մեկ այլ ալիք։ Նրանք Telegram-ում, Twitter-ում և կայքերում հրապարակել են Փոստային ընկերությունից ինչպես նաև որոշ իսրայելական ընկերություններից ձեռք բերված տվյալները: Այնուհետև, հոկտեմբերի 22-ին հայտարարել են. «Դուք չեք էլ պատկերացնի, բայց մենք հետևում ենք ձեզ։ Սա դեռ սկիզբն է… Սպասեք թեժ նորություններին առաջիկա 48 ժամում, մենք ձեզ կզարմացնենք»։
Այնուհետև, հոկտեմբերի 24-ին նրանք տեղադրել են Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցի մի քանի գաղտնի լուսանկարներ: Հոկտեմբերի 26-ին խումբը թողարկել է 12 Excel ֆայլ պարունակող ZIP ֆայլ: Այս ֆայլերը պարունակում էին նույնականացման համարներ, հեռախոսահամարներ, ստորաբաժանումներ, որոնց նրանք սպասարկում են, էլփոստի հասցեներ և բազմաթիվ անձնական տեղեկություններ: Ինչպես և սպասվում էր, լուրը հազիվ հասավ արևմտյան լրատվամիջոցներին, սակայն իսրայելցիները ցնցված էին և վախեցած, նշում է «Tehran Times»-ը։ Որոշ ֆայլեր պարունակում են մանրամասն տեղեկություններ ՑԱԽԱԼԻ-ի (Իսրայելական բանակի) պահեստազորի զինվորների և զորամասերի մասին, այդ թվում՝ անուններ, կոչումներ, զինվորական պարտականություններ և նրանց նամակագրությունը իրենց ստորաբաժանումների հետ՝ բացատրելով, թե ինչու նրանք չեն կարողացել ներկայանալ ծառայության: Մյուս ֆայլերը պարունակում են տեղեկություններ հազարավոր դեռահասների մասին, որոնք պետք է ընդգրկվեն Իսրայելի պաշտպանության բանակում, այդ թվում՝ նրանց, որոնք մասնակցում են ուսումնական ծրագրերին: Բացի անուններից, հասցեներից և հեռախոսահամարներից, ֆայլերը պարունակում են գաղտնի անձնական տեղեկություններ, ինչպիսիք են հոգեբանական տեղեկատվությունն ու զինվորների ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը:
Հաքերների խմբի ջարդերը իրականացվում են բոթերի օգնությամբ և ներառում են նախազգուշացումներ, օրինակ՝ «ձեր վերջը մոտ է»։ Իսրայելի կիբերանվտանգության ազգային վարչությունը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ իրենք նախազգուշացրել են որոշ կազմակերպություններում անվտանգության թերությունների վտանգի մասին: «Մենք կազմակերպություններին կոչ ենք անում կիրառել «Microsoft»-ի կողմից թողարկված վերջին կարևոր թարմացումները՝ այս թերությունները վերացնելու համար, և սա պարզ, անվճար թարմացում է, որը կարող է նվազեցնել այս հարձակման վտանգը»: Սակայն, ինչպես տեսնում եք, եթե «Tehran Times»-ի հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, ապա «Moses Staff»-ի հաքերները շատ լուրջ են վերաբերվել Իսրայելի պաշտպանության նախարարության գաղտնի տեղեկատվությանը։ Հիմա դժվար է պատկերացնել, թե կոնկրետ ինչպես կօգտագործվի Իսրայելի հակառակորդների կողմից ստացված տեղեկատվությունը։ Բայց պարզ է, որ հաքերներն իրականում հասկացրել են, որ ի վիճակի են Իսրայելի մասին հույժ գաղտնի տեղեկություն ստանալ, օրինակ՝ միջուկային ներուժի, Իսրայելի ողջ միջուկային ոլորտի մասին։ Ի վերջո, Իրանը երկար տասնամյակներ շարունակ փորձում է համոզել աշխարհին, որ Իսրայելն անօրինական կերպով ստեղծել և տիրապետում է միջուկային զենքի…
Կարծում ենք, պատահական չէ, որ «Tehran Times»-ի կողմից Իսրայելի պաշտպանության նախարարության դեմ հաքերային հարձակման մասին վերոնշյալ տեղեկատվության տարածումը համընկել է Իրանի «Բասիջ» կամավորական ուժերի «Ֆաթեհին» («Նվաճողներ») հատուկ ստորաբաժանման զորավարժությունների մեկնարկի հետ՝ հոկտեմբերի 27-ի առավոտյան այս ստորաբաժանման հատուկ անձնակազմի 1000 հոգու մասնակցությամբ։ «Ֆաթեհինի» հատուկ ստորաբաժանման հրամանատար Սեյեդ Մահմուդ Հաշեմին հայտնել է, որ մարտավարական զորավարժությունները 3 օր շարունակ կանցկացվեն 322 քառակուսի կիլոմետր տարածքում։ Սեյեդ Մահմուդ Հաշեմիի խոսքով՝ մարտավարական այս զորավարժությունների մաս են կազմում մարտական գումարտակների տեղաշարժերը, գիշերային գործողությունները, դարանակալման ու հակադարանային մեթոդները, հատուկ զենքերից կրակելը։ Մարտավարական զորավարժությունների խնդիրներից են ահաբեկչական խմբավորումների և թաքֆիրների խմբերի դեմ գործողություններ մշակելը, ինչպես նաև «Ֆատեհին» հատուկ ստորաբաժանման անձնակազմի մարտունակության բարձրացումը։ Հիշեցնենք, որ «Բասիջ» աշխարհազորը կառուցվածքային բազմամիլիոնանոց միավոր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում։ Թաքֆիրները ոչ միայն սուննի իսլամիստ աղանդավորներն են, այլ նաև Իրանի բոլոր թշնամիները, այդ թվում՝ Իսրայելը…
Սերգեյ Շաքարյանց

