Սիրիան Թուրքիայից պահանջել է զորքերի անհապաղ դուրսբերում

Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը:

Այսպես է նա մեկնաբանել վերջին շրջանում Իդլիբ նահանգում լարվածության աճը:

«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը: Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ երկրի հյուսիսում իր օկուպացված տարածքները ազատագրելու ուղղությամբ»,- ասել է Միկդադը:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ այս սրացման հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաև այն աջակցությունը, որը Անկարան տրամադրում է ահաբեկչական խմբավորումներին»:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը օգոստոսին նշել էր անվտանգության իրավիճակի վատթարացումը և Սիրիայի որոշ շրջաններում զինված հակամարտության նոր սրացումը: Այնուհետև հատուկ բանագնացը առանձնակի ուշադրություն է հրավիրել Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ Արաբական Հանրապետության այս տարածքում նման ինտենսիվ բախումներ չեն նկատվել 2020 թվականի գարնանից ի վեր: