ԱՄՆ-ի մասին Թուրքիայի կանխատեսումները
2021 թ. սեպտեմբերի 2-ին թուրքական «Yeni Şafak» իշխանամետ թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Կարագյուլը, որը համարվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների և անձամբ նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր քարոզիչներից մեկը, իր հոդվածում աշխարհում գալիք «քաղաքական եղանակի» բավական զարմանալի կանխատեսում է արել: Աֆղանստանից Ամերիկայի փախուստի շնորհիվ աշխարհը ականատես եղավ «XXI-րդ դարի ամենամեծ ստին», որն անվանվում է «պայքար ահաբեկչության դեմ»․ պատրվակը, որն օգտագործել է Արևմուտքը Մեծ Մերձավոր Արևելքի երկրներ ներխուժելու համար` վերջին երկու տասնամյակների ընթացքում անդամալույծ է եղել, բայց Արևմտյան Հռոմեական կայսրությունը կրկին փլուզվում է, սակայն այժմ` XXI-րդ դարում, գրում է Էրդողանի գլխավոր քարոզիչը: Շատուշատ երկրներ ներկայումս նոր ծրագրեր են մշակում Արևմուտքի և ԱՄՆ-ի նահանջից հետո: Նրանք փորձում են լրացնել Աֆղանստանում Ամերիկայի և Եվրոպայում իր դաշնակիցների թողած բացը: «Դա տեղի է ունենում այն պատճառով, քանի որ Արևմուտքի գլոբալ սուվերենությունը (ինքնիշխանությունը) ավարտվել է, և նա այլևս չի կարողանա միայնակ գլոբալ կարգուկանոն կառուցել, և «ամերիկյան դարաշրջանից» սկսել են վերադառնալ իրենց սահմաններ: Աշխարհակարգի ներկայիս փոփոխությունը շատ ավելի տպավորիչ է, քան երկու համաշխարհային պատերազմներից հետո: Նախկին կայսրությունները մեծ պահանջներով վերադառնում են XXI-րդ դար», – կարծում է Իբրահիմ Կարագուլը: Նրա կարծիքով, այս հանգամանքներում ովքեր ցանկանում են զսպել Թուրքիային՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդին, որը «պատմությունից ջնջեց Արևելյան Հռոմեական կայսրությունը», աշխարհակարգի վերանայումից հեռու, «կառուցում են սցենարներ մեկը մյուսի հետևից ինչպես տեղական մակարդակում, այնպես էլ արտերկրներում»:
Իսկ մենք կարծում ենք, որ Էրդողանը Կարագյուլին հրամայեց սկսել քարոզչական արշավ՝ «նախկին կայսրությունը» վերականգնելու գաղափարը հանրայնացնելու համար, և դա այն է, ինչի մեջ շատ փորձագետներ ժամանակին մեղադրում էին Էրդողանի ոչ հեռու անցյալում օգնական, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, այն է՝ նեոօսմանիզմը կառուցելու ձգտման մեջ: Ահա Էրդողանի գլխավոր քարոզչի գծած «քարտեզը». «ԱՄՆ-ը պարտություն կրեց Աֆղանստանում: Նրանք մեծ պարտություն են կրել այնտեղ: Դա պարզ է: Աֆղանստանը եղել է աշխարհի բոլոր կայսրությունների գերեզմանոցը: Նույնը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ: Նրանք Աֆղանստանից փախչելուց հետո պարուրաձև հետընթաց կունենան: ԱՄՆ-ը և Արևմուտքը կորցրին Կենտրոնական Ասիան: Նրանք կկորցնեն նաև Հարավային Ասիան: Նրանք չեն կարողանա ամրապնդվել նաև Պակիստանում: Նրանք կկորցնեն ազդեցությունը ամբողջ հարավային գոտու վրա՝ ընդհուպ մինչև Ինդոնեզիա: Մենք ականատես կլինենք Մերձավոր Արևելքից ամերիկացիների ամենաապշեցուցիչ հեռացմանը: Աֆղանստանից հետո ԱՄՆ–ի երկրորդ «փախուստը» լինելու է Սիրիայից: Մենք կտեսնենք, որ նրանք մի առավոտ հապշտապ հեռանում են: Դրա համար կան ծանրակշիռ նախադրյալներ»:
«Yeni Şafak»-ի գլխավոր խմբագիրը միջանկյալ ենթադրություն է կատարում. ովքեր քարտեզներ են գծում, հույսները կապում են Միացյալ Նահանգների հետ, ովքեր ծրագրում են Միջերկրական ծովում բուֆեր ստեղծել Իրանի սահմանից, և ովքեր հարձակվում են Թուրքիայի վրա հարավից՝ նրանց բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն. նրանք պետք է իրենց համար նոր ուղղություններ փնտրեն: Տարածաշրջանի մի քանի երկրներ դեր ստանձնեցին՝ «Կանգնեցնել Թուրքիային» պայմանական անվանումով կոդավորված նախագծի մեջ: Այնուամենայնիվ, աֆղանական հավասարումը փչացրեց այս ծրագրերը՝ դրանց մղելով նոր որոնումների: Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) առաջինն էին, որ բարելավեցին հարաբերությունները Քաթարի հետ: Հետո նրանք սկսեցին շարժվել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, շարունակում է իր վերլուծությունը թուրք քարոզիչը: «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք ականատես եղանք ինտենսիվ արագընթաց դիվանագիտության Քաթարում: Ովքեր ցանկանում են բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ դուռը բացել են Քաթարի միջոցով: Ինչպես գիտեք, ԱՄԷ-ն և նրանց թագաժառանգ Մուհամեդ բին Զայեդ ալ-Նահայանը թշնամական քաղաքականություն էին վարում Թուրքիայի և Էրդողանի նկատմամբ:
Այսպիսով, ի՞նչ է փոխվել: Ինչո՞ւ նրանք հետ դարձան: Այս ամենը պայմանավորված է Միացյալ Նահանգների հեղինակության խաթարմամբ: Այս երկրներն այժմ հասկացել են, որ Միացյալ Նահանգները չի կարող պաշտպանել իրենց, որ տարածաշրջանում նրանց ազդեցությունը ատրոֆ է արվում: Ավելին, նրանք հասկացան, որ չնայած իրենց ջանքերին, նրանք չեն կարող ստիպել Թուրքիային նահանջել, և որ Անկարան առաջընթաց է գրանցում բոլոր ոլորտներում: Նրանք հասկացան, որ Թուրքիան ուժի արտասովոր թռիչք է կատարել՝ Ատլանտյան օվկիանոսից դեպի Ասիա, և որ դրա վերելքն ու ազդեցությունը կշարունակվի», – փորձում է վախ ներշնչել աշխարհում Կարագյուլ էֆենդին:
Այս թուրք նացիստ-գլոբալիստի հետ վիճելը, մեր կարծիքով, բացարձակապես իմաստ չունի: Ըստ երևույթին, նման պանթուրքիստներին, ինչպիսիք են Էրդողանը, Դավութօղլուն կամ Կարագյուլը, կարող են վստահել միայն Հայաստանում, այն էլ «ներքին թուրքերը», քանի որ նույնիսկ մասնատված հարևան Սիրիայում և Իրաքում շիաները չեն վախենում Թուրքիայից և թուրքերից: Մենք նույնիսկ չենք գրելու այլ երկրների մասին, որոնք նպատակ ունեն Թուրքիայի «ձեռքերին խփել-ջարդել»… Բայց մենք մի բանում կհամաձայնենք Կարագյուլի հետ՝ շուտով Միացյալ Նահանգները, չնայած այն բանին, որ սեպտեմբերի 1-ին ևս մեկ անօրինական ռազմական ավտոշարասյուն գնաց դեպի Սիրիա, Հասեկե նահանգի հարավում Աշ-Շադդադի շրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանի ուղղությամբ, կհեռանա Սիրիայից, և նույնիսկ՝ Իրաքից: Հեղինակը զգուշացնում է և՛ Կարագյուլ էֆենդիին, և՛ Էրդողանին. ԱՄՆ–ի հետևից Թուրքիան ևս դուրս կմղվի Սիրիայից և Իրաքից (անհրաժեշտության դեպքում՝ ուժով)…
Սերգեյ Շաքարյանց

