Մահացել է Միկիս Թեոդորակիսը՝ հունական «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակը․ երկրում եռօրյա սուգ է հայտարարված (տեսանյութ)
Վախճանվել է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան էր: Այդ մասին հաղորդել է ERT հանրային հեռուստատեսությունը: Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ էր, վերջին օրերին նրա առողջությունը կտրուկ վատթարացել է:
«Հունաստանն այսօր սգում է: Այլևս մեզ հետ չէ մեծ կոմպոզիտորը և մարտիկը, որը կարևորագույն պահերով կապված էր նրա արդի պատմության հետ»,- հաղորդել է հեռուստաալիքը, նշելով, որ Թեոդորակիսն իրենից հետո թողել է անգին ժառանգություն: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Հունաստանի բոլոր ԶԼՄ-ները դադարեցրել են իրենց ծրագրի ընթացքն ու առանձնակի տուրք են մատուցում։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարված։
Միկիս Թեոդորակիսը գրել է բոլոր ժանրերով՝ օպերաներից, սիմֆոնիկ և կամերային երաժշտությունից, օրատորիաներից, բալետից և եկեղեցական խմբերգերից մինչև հին դրամայի, թատրոնի կինոյի համար երաժշտություն: Նրան համաշխարհային փառք բերած ստեղծագործությունների թվում է «Սիրտակին»՝ «Հույն Զոռբան» ֆիլմից, որն աշխարհում ամենաճանաչված հունական մեղեդին է: Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի խմբեր և արտիստներ, ինչպիսիք են՝ «Բիթլզ»-ը, Էդիտ Պիաֆը: Միկիս Թեոդորակիսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է դիմադրության շարժմանը, գերի է ընկել նացիստների մոտ, որտեղ ենթարկվել է խոշտանգումների:
Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվել է Մակրոնիսոս կղզու համակենտրոնացման ճամբարում: Թեոդորակիսը «Հանուն ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման» միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր է: 2020 թվականի ապրիլին կոմպոզիտորին շնորհել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» մեդալ, որով նա պարգևատրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:
«Սիրտակին»՝ «Հույն Զոռբան» ֆիլմից

