Անկարայում հակասիրիական ակցիաներ և ջարդեր են տեղի ունեցել

Անկարայի Ալթընդաղ պատմական թաղամասում  օգոստոսի 11-ին սկսվել են ակցիաներ և ջարդեր՝ ընդդեմ սիրիացի և աֆղանստանցի փախստականների: Հարձակումների պատճառ է դարձել  օգոստոսի 10-ին սիրիացի փախստականների կողմից 18-ամյա Էմիրhան Յալչինի սպանությունը:

Թուրք ազգայնականները հարձակումներ են գործել սիրիացիներին պատկանող ձեռնարկությունների, խանութների, մեքենաների և տների վրա՝ պատճառելով խոշոր վնասներ։ Իշխանությունները հատուկջոկատայիններ են ուղարկել տարածք` տեղի բնակիչներին հանգստացնելու համար, իսկ որոշ սիրիացիներ տարհանվել են բնակավայրից։

Թուրքիայում արագորեն տարածվում է փախստականների նկատմամբ ատելությունը, ինչը պայմանավորված  է նաև աֆղանստանցի փախստականների նոր հոսքերով:

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով մասնագիտացած է Սիրիայում և Լիբիայում հումանիտար ճգնաժամերի և հակամարտությունների լուսաբանման մեջ, իր թվիթերյան օգտահաշվում գրել է․ «Զայրացած ռասիստները Ալթընդաղում հարձակվում են և հրկիզում սիրիացիներին պատկանող խանութները, տները: Նրանք քարեր էին նետում սիրիացի երեխաների վրա և վիրավորում նրանց»։