Եռաբլուրով մեր զարթոնքը լինելու է․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան

«Այն, ինչ կատարվում է մեր բանակի շուրջ, վիրավորական է, թավշյա, թե պողպատյա թիմին սատարող գործարարներից Խաչատուր Սուքիասյանն ասում էր, որ զինվորը նաև պետք է զոհվի, բայց չի ասում, որ ամեն ինչ պետք է անենք, որ զինվորը չզոհվի։ Այս մտածողությունը չունենք։ Դե որ այդպես հայտարարում ես, ձեր տանը զինվոր չկա, բոլորդ փող հաշվողներ եք, հայրենիք, ազգ չկա ընդհանրապես»,- այս մասին այսօր ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, հավելելով, որ միայն գումար փոխանցելը չէ։

Մանուկյանը հիշեցրեց Քըրքորյանի խոսքերը, որ հարստությունը գումարի չափի մեջ չէ, երբ արժեքի ես վերածում, այդ ժամանակ է դա հարստություն, հավելելով, որ այս մտածողությունը չկա։

«Ցավում եմ, որ բանակի հետ չեն խոսում այն հզորներով, որ մենք ունեցել ենք, բանակի հետ խոսում են, ասում են, գիտեք, արդեն կլուբնիկ է ուտում մեր զինվորը։ Այդ զինվորն էլ կլուբնիկ չի ուտում, զինվորը զոհվել է»,-ասաց  Մանուկյանը։

Մանուկյանը նշեց, որ անկախության հռչակման ժամանակ ոգևորություն էր, անկախ երկիր ունենալու թռիչքային մոտեցումներ, բոլորիս մեջ երազանքներ, և հանկարծ տեսանք, որ առաջինը կառուցվում են կազինոները, խրախճանքի վայրերը։

«Այսինքն ուզում էինք ոչ թե Հայաստան հայրենիքը կերտել, պետական մտածողության բացակայության խնդիր ունենք մենք, սկսեցինք վերջից, մենք պետք է գայինք սկզբից՝ կրթօջախներ, բանակ․․․ Ես հիշում եմ, երբ Հայրիկյանն Ազգային ժողովում խոսեց բանակի մասին, բոլորը հարձակվեցին նրա վրա։ Այսինքն, դուք անկախ երկիր եք ուզում՝ առանց բանակի՞»,-ասում է Մանուկյանը, հավելելով, որ դեպի պարտվողականություն տանող մտքերը շատ սովորական, հանգիստ են ընդունվում, ինչն արդեն մահախոսական է։

«Դրա շարունակությունը սա է․ եթե մենք վաղը պետություն չունենանք, եկեք պայմանավորվենք, որ ունենք։ Եթե վաղը մենք Սյունիք չունենանք, եկեք ասենք, որ ունենք, Մեղրիով ճանապարհ ենք տվել, եկեք ասենք, որ չենք տվել։ Սրանք քաղաքական գործչի մտածումներ չեն, էլ չեմ ասում ազգային, քանի որ այսօրվա իշխանությունները խորշում են ազգայինից»,-ասաց Մանուկյանը, հավելելով, որ Եռաբլուրով մեր զարթոնքը լինելու է։