Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում․ Մուկուչյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը ՍԴ դատավոր Երվանդ Խուդկարյանը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ թե ի՞նչ գնահատական կտա լռության օրը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ի՞նչ  գործողություններ է կատարել հանձնաժողովը:

Տ. Մուկուչյանն արձագանքեց, որ նախազգուշացում էին կիրառել և կայացրել էին համապատասխան որոշում, որը հետագայում դատարանում վիճարկման առարկա էր դարձել:

«Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում, կիրառել էինք նախազգուշացում, հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Երվանդ Խուդկարյանն ասաց, որ դատարանն անվավեր է ճանաչել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածները ԿԸՀ կողմից պահպանված չլինելու հիմքով, այն է՝ ԿԸՀ որոշումը բավարար չափով քարոզչության արտահայտության վերաբերյալ պատճառաբանված չլինելու մասով:

Նա նշեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով հանդերձ նոր որակվում է, թե ինչը կարող է դիտվել քարոզչություն և այդ պայմաններում Վարչական դատարանն ասել է՝ քանի դեռ այդ որակումը չի գործում, ուստի վարչական մարմինն ինքն էր պարտավոր մանրամասն անդրադառնալ, թե արդյոք դա քարոզչության տարրեր պարունակում էր, թե ոչ:

«Եթե գնահատվել է, նշանակել է՝ պարունակում է»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: