Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են ցանքատարածությունները շարունակում մնալ չզբաղեցված․ Թագուհի Թովմասյան
Նախագծով առաջարկվում է, որ սահմանամերձ համայնքների բոլոր ցանքատարածքների օգտագործման պարագայում, պետությունը երաշխավորի արտադրանքի 100 %-ով իրացումը։ «Սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության մասին» և «Գնումների մասին օրենքի նախագծերում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ներկայացնելիս այսօր խորհրդարանում այս մասին հայտնեց նախագծերի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Գլխադասային հանձնաժողովը չէր համաձայնել օրենքի նախագիծն ընդգրկել օրակարգ:
Նրա խոսքով՝ իշխանությունները ինչքան շատ են խոսում գյուղատնտեսությանն արտոնություն տալու մասին, այնքան գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը պակասում է և ցանքատարածքները մնում են չզբաղեցված:
«Պատերազմից հետո սահմանամերձ համայնքների թիվը մեծացել է և խնդիր կա խրախուսել գյուղատնտեսության բոլոր ճյուղերը, պետք է այնպես անել, որ մարդիկ կարողանան իրենց աճեցրածը վաճառել»,- հայտնեց Թագուհի Թովմասյանը և պնդեց, որ դրա համար պետք է սահմանամերձ համայնքների բնակիչների համար հակամրցակցային դաշտ սահմանել և այդ նպատակն էլ լուծում է իր հեղինակած օրինագիծը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հայտնեց, որ նախագիծը մանրակրկիտ քննարկվել է, բայց պատգամավորների բազմաթիվ հարցերին Թագուհի Թովմասյանը չի կարողացել սպառիչ պատասխան տալ:
Ըստ Ղալումյանի՝ հանձնաժողովականները գտնում են, որ գործադիրի համակարգում չկա այն կառույցը, որը կկարողանա այդ հարցով զբաղվել, բայց կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում արդյունավետությամբ իրականացնում է 14 աջակցության ծրագիր:
«Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծին, ձեզ նույնպես կոչ եմ անում նման ձևով վարվել»,-հայտարարեց իմքայլական պատգամավորը:
«Իմ քայլը» խմբակցությունը լքած մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը չհամաձայնեց Ղալումյանի պնդման հետ, թե Թագուհի Թովմասյանը չի հիմնավորել նախագիծը:
Նա քաղաքացիներին հորդորեց դիտել հանձնաժողովի նիստի տեսաձայնագրությունը և համոզվել, որ իմքայլական պատգամավորները կանխակալ մոտեցում են ցուցաբերել նախագծի վերաբերյալ:
«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2016 թվականին ՀՀ-ում եղել են 353 հազար 400 հա մշակվող հողատարածք, իսկ 2020 թվականին՝ 222 հազար 700 հեկտար, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են ցանքատարածությունները շարունակում մնալ չզբաղեցված»,- նկատեց Թովմասյանը:
Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց նախագիծը:

