«Հայփոստ»-ի ո՞ր ծառայությունների գները կբարձրանան փետրվարից. 168.am
Մամուլում օրերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել:
Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ:
Օրինակ՝ ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ, իսկ պատվիրված նամակի (մինչեւ 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկում է սահմանել 350 դրամ:
Պատվիրված ծանրոցի դեպքում սակագին դեռևս չկա, չնայած «Հայփոստ»-ն առաջարկում է սահմանել 0-ից մինչեւ 1000 գրամի դեպքում՝ 1000 դրամ, 1001 կգ-ից մինչեւ 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ-ի դիմաց՝ 200 դրամ:
168.am-ի հետ զրույցում «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը հաստատել է այս տեղեկությունը՝ մանրամասնելով.
«Մենք հայտ ենք ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, եւ խնդիրն այն է, որ 2001 թվականից գնային փոփոխություն չի եղել առ այսօր, իսկ աշխարհում այս 20 տարվա մեջ ամեն ինչ երեւի կրկնակի թանկացել է: Կորոնավիրուսով էլ պայմանավորված՝ սարսափելի թանկացումներ են եղել, քանի որ կա չվերթերի պակաս, պահեստավորման խնդիր, եւ այլն: Վերջին տարիներին մենք անընդհատ վնասով ենք աշխատել: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հիմնականում ներհանրապետական նամակները պետական ծառայությունների ուղարկած նամակներն են, ինչպես նաեւ խոշոր բիզնեսի ուղարկած նամակները՝ տարբեր կազմակերպություններին:
Հիմա, ցավոք, նամակներ մեր ժողովուրդը չի ուղարկում: Թանկանալու են նաեւ միջազգային առաքանիները: Չնայած, կարելի է ասել՝ ոչ թե թանկանալու են, այլ գները կարգավորվելու են: Առաջ ամեն պետություն ուղարկելիս գործում էր տվյալ պետության համար սակագին, հիմա աշխարհը բաժանված է 10 զոնաների, եւ այդպես է լինելու:
Օրինակ, ԱՄՆ-ի, Եվրոպայի ուղղությամբ թանկացումներ լինելու են, որովհետեւ այդտեղ մենք սարսափելի վնասներ ենք կրել: Հիմա գների սանդղակը դրվում է այն հաշվարկով, որ մարդիկ ավելի շատ պատվիրված նամակ ուղարկեն, կարողանան հետեւել, թե իրենց նամակն ուր հասավ: Արդեն նաեւ մի շարք նորարարություններ են կատարվել, գործում է առաքման ծառայություն: Օրինակ, արտերկրից ստացած ծանրոցն առաքում են 500 դրամով»:
Հարցին, սա ենթադրո՞ւմ է նաեւ աշխատակիցների աշխատավարձի բարձրացում, «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատուն պատասխանել է.
«Ցանկալի է, որ այս բոլոր փոփոխություններից հետո եւ իրավիճակի լավանալուց հետո բարձրանա նաեւ աշխատավարձը: Բացի այս, մենք պետությունից դոտացիա՝ ֆինանսական օգնություն չենք ստանում, հետեւաբար, ինչպես ցանկացած կազմակերպություն, «Հայփոստը» եւս պետք է զարգանա, իսկ դրա համար միջոցներ են անհրաժեշտ: Եվ, եթե մենք մեր հիմնական ծառայություններում վնասով ենք աշխատում եւ հարակից ծառայություններով փորձում ենք փակել այն, դա վնասում է ընդհանուր համակարգին: Պետք էլ չէ, որ միջոցներ խնդրի պետությունից, դրա համար լավ կլինի, որ ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, այսինքն, տրամաբանված գներ սահմանված լինեն, ընկերությունն ունենա օգուտ եւ զարգանա:
Օրինակ, մեր հարեւան Վրաստանում այն ծառայությունը, որը մեզ մոտ 300 դրամ է, իրենց մոտ մոտավոր 600 դրամ է: Գնային կարգավորումների առումով մենք շատ հետ ենք մնացել, հետեւաբար, փորձում ենք դաշտը կարգավորել: Երկրի ներսում ծառայության սակագների բարձրացումն առաջարկվում է կիրառել փետրվարի մեկից, իսկ միջազգայինի դեպքում՝ հունվարի մեկից»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է «Հայփոստ»-ի հայտը, հետեւաբար՝ հնարավոր է, որ ընկերության առաջարկած սակագները փոփոխության ենթարկվեն:

