Թուրքիայի առողջապահության նախարարը դադարեցրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտ ամսից ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսով վարակվածների մասին վիճակագրությունը դադարեցրել է հրապարակել։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, մինչ այդ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի մասին տեղեկատվությունն այսուհետև տեղ է գտնելու http://covid19.saglik.gov.tr կայքում։

Նրա այդ հայտարարությունից հետո վիճակագրական տվյալները դադարեցին հրապարակվել։

Նախօրեին Անկարայի Հաջեթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ահազանգել էր, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը։

Նա նշել էր, որ Թուրքիայի մայրաքաղաքը վերածվել է Ուհանի (քաղաք Չինաստանում, որտեղից սկիզբ առավ և ամբողջ աշխարհում տարածվեց կորոնավիրուսը)։ Հիվանդանոցներն արդեն ամբողջովին լեցուն են, և եթե նոր դեպքերը այս տեմպերով ավելանան, Թուրքիայի առողջապահական համակարգը կարող է շատ լուրջ խնդիրների առջև հայտնվել։