«Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը գրել էր, որ երեկ «ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի»: Նշել էր մամուլի խոսնակը, ապա արձանագել, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին: