Գյումրեցի տատիկի դին գտնվել է, նրան հուղարկավորել էին այլ անձինք՝ Նոր Հաճնի գերեզմանատանը․ Նաիրա Զոհրաբյան
Գյումրեցի տատիկի դին գտնվել է․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ երեկ նա տեղեկացրել էր, որ թոռներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում գտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում կորոնավիրուսից մահացած իրենց տատի դին։
Նշվել էր, որ դին դիահերձարան տեղափոխող սանիտարը լավ չի կարողացել կարդալ հանգուցյալի ազգանունը, և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:
«Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի:
Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես և ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։
Դժվար է ասել սա այս պատմության happy end-ն, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն և հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին՝ դեռ չեն կորցրել և կհանձնեն հարազատներին»,-գրել է պատգամավորը:

