ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին որոշման նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ԱԺ որոշման նախագիծը: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ԱԺ որոշման նախագիծը խորհրդարանի հունիսի 30-ի նիստում ստացավ 81 կողմ ձայն:

Եվ այս որոշման նախագծով ԱԺ-ն ըստ էության որոշում է ուժը կորցրած ճանաչել փետրվարի 6-ին կայացրած իր որոշումը:

«Իմ քայլը»-ից  Սուրեն Գրիգորյանը նշեց՝ շարունակում են պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է: «Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն է, բայց այն մարդիկ, որոնք հարցնում են, թե ինչու այս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երևի ուղղակի տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում կամ ձևացնում են, թե տեղյակ չեն»,-ասաց պատգամավորը:

Նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան»  և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: