Եվրոպայում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք բերած երկրներ չկան. ԱՀԿ

Եվրոպայում առայժմ ոչ մի երկիր COVID-19-ի նկատմամբ իմունիտետ ձեռք չի բերել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի արտակարգ իրավիճակների հարցերով ավագ մասնագետ Կատրին Սմոլվուդը:

«Եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում մինչ օրս կորոնավիրուսի նոր դեպքեր են արձանագրվում, ուստի կարող ենք ասել՝ չկա մի երկիր, որն իմունիտետ է ձեռք բերել հիվանդության նկատմամբ», -ասել է նա առցանց ճեպազրույցի ժամանակ:

Սմոլվուդը հավելել է, որ Իտալիայում վարակի փոխանցումն այժմ հսկողության տակ է:

Կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 213 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 6 4674 784 մարդ, մահացել է 382 923 մարդ, ապաքինվել է 3 083 704 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համավարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: