Հերոսներին խոսքերով կամ կենացներով չէ, որ պետք է գնահատել, այլ պետք է ստեղծել հզոր պետություն և համախմբված հայրենիք․ Դավիթ Բաբայան

Այսօր «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը LIVEnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բերձորի ազատագրման փառահեղ էջին և այդ տարածքի նշանակությանը՝ ասաց․ «Մայիսի 18-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, որովհետև 1992 թ․ հենց այս օրն ազատագրվեց Բերձորը և Արցախը, որը տասնամյակներ շարունակ՝ սկսած 1921-ից, կտրված էր Մայր Հայաստանից, վերականգնվեց կապը, չնայած, երբ Ինքնավար մարզը ստեղծվեց, մենք մի քանի տարի Բերձորից ներքև սահման ունեինք Մայր Հայաստանի հետ, սակայն, ստացվեց այնպես, որ մոտ 7 տարի մենք կտրված էինք Մայր Հայաստանից, այսինքն՝ պաշարված էինք։ Սակայն այդ պաշարումը մենք կարողացանք թոթափել, ճեղքել շրջափակումը և դրանով կապ հաստատվեց Մայր Հայաստանի հետ, ինչը վճռորոշ դերակատարություն ունեցավ մեր հետագա հաղթանակների և ձեռքբերումների համար, և այսօր Քաշաթաղի շրջանը հանդիսանում է տարածքով Արցախի ամենամեծ և կարևորագույն ներուժ ունեցող շրջանը և ԱՀ, ինչպես նաև ողջ հայության  համար ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Քաղաքագետի դիտարկամբ, երբ միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրեց  խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում, մենք կարողացանք հակառակորդին հետ մղել՝ ուժերի գերլարման շնորհիվ, որովհետև այն ռազմաքաղաքական հավասարակշռվածության փոփոխություն էր, նոր իրավիճակ էր ստեղծվել: Իհարկե, հակառակորդը պետք է ամեն ինչ աներ, որ դա թույլ չտա, բայց նրա բոլոր ջանքերը ձախողվեցին, և հիմա մենք դարձել ենք հայոց երկրի անբաժան մասը, ճիշտ է, մենք երկու տարբեր պետություններ ենք, բայց մեկ հայրենիք է, այսինքն մեր հայրենիքի երկու հատվածները միավորվեցին»,-ասաց «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահը։

Այն հարցին, թե կարողանո՞ւմ ենք մեր կերտած հաղթանակը պահպանել և մեր հերոսներին գնահատել, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հերոսներին խոսքերով կամ կենացներով չէ, որ պետք է գնահատենք, այլ պետք է կարողանանք ստեղծել հզոր պետություն, պետք է ունենանք համախմբված հայրենիք, վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն. սա է այն հիմքը, որով կապահովվի թե՛ Մայր Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետության կենսունակությունը։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը նկատեց, որ արտաքին թշնամին միշտ էլ կա  և լինելու է՝ հանձին Ադրբեջանի և Թուրքիայի, բայց առավել վտանգավոր է ներքին թշնամանքը,  և առհասարակ մեր բոլոր պարտությունները՝ բացառությամբ մեկ-երկու դեպքի, երբ առերեսվել ենք առավել հզոր թշնամու հետ, միշտ հիմքում եղել են ներքին խռովությունները ու երկպառակտությունները։

Շարունակելով  ներքին խմորումների թեման՝ Դավիթ Բաբայանը կարևոր դիտարկում արեց, նշելով․ «Չի կարելի անընդհատ իրար միս ուտել,  Երևանում կան մարդիկ, որ ասում են ղարաբաղցիները թուրք են, օրինակ՝ Հախվերդյանը, կամ ինչ-որ  Թադևոսյանն ասում է՝ «ազատագրված տարածքները, եթե ազատագրված են՝ մերը չեն», երբ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր կոչեցյալ կար, որը բարեբախտաբար չի ընտրվել այս անգամ՝ Ադրբեջանի ազգային հերոսի գերեզմանաքարն է կանգնեցնում նախկին Աղդամի շրջակայքում, սա ավելի վտանգավոր է, քան թուրքական դաշնային բանակները, դուք պատկերացնո՞ւմ եք Ադրբեջանում կանգնեցնեն ՀՀ կամ ԱՀ հերոսների գերեզմանաքար, իսկ մեզ մոտ ով դա կանգնեցրել է, հայ է, հայ է կոչվում ծագումով, հոգով իհարկե հայ չէ»,-ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով հաղթանակ կերտած հերոսներին և նրանց նկատմամբ այսօրվա մեր իշխանությունների վերաբերմունքին, Դավիթ Բաբայանը նկատեց, որ հերոսներին միշտ պետք է հիշել, սակայն նա դեմ է, որ կուռք սարքեն հերոսներին, որովհետև հերոս լինելն էլ է բարդ, երբ կուռք ես սարքում, հետագայում նրանց դարձնում ես քավության նոխազ, որովհետև կուռքն ու քավության նոխազը նույն դրամի տարբեր երեսներն են, այո՛, պետք է մեր հերոսներին հիշել, բայց կուռք չսարքել որևէ մեկին։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, պետք է անձնապաշտությունից կամաց-կամաց հեռանանք, անձերն իհարկե կարևոր են, բայց ավելի շուտ պետք է երևույթներն ու գաղափարները դարձնել ուղենիշ, իհարկե չմոռանալով, որ  անձերի դերակատարությունը շատ վճռորոշ է լինում։

«Ինչ վերաբերում է հերոսներին, շատ կարևոր է որ կարողանան հերոսների կարգավիճակը պահել, որովհետև  նրանք արդեն չեն պատկանում իրենք իրենց, յուրաքանչյուր քայլ, որ կարող է հետագայում ինչ-որ մեկի կողմից շահարկվել, ոչ միայն այդ հերոսներին են անձնապես խփելու, այլև ողջ հասարակությանը, հետևաբար, այդ նուրբ գիծը մենք պետք է կարողնանաք պահել, որը կլինի ամենաճիշտ մոտեցումը»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

Հարցազրույցը՝ Լուսինե Այրապետյանի