Թրամփը հայտարարել է, թե կորոնավիրուսի՝ չինական լաբորատորիայում առաջացման ապացույց ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե տեղեկություն ունի, որը թույլ է տալիս ասել, որ կորոնավիրուսի առաջացման աղբյուրը չինական Ուհան քաղաքի լաբորատորիան է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այո կա»,-ասել է Թրամփն ի պատասխան այն հարցի, թե նա ունի՞ այնպիսի տեղեկություն, որը թույլ է տալիս մեծ վստահությամբ խոսել կորոնավիրուսի արհեստական ծագման մասին:
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել` ելնելով գաղտնիություն պահպանելու անհրաժեշտությունից:
Թրամփի այս խոսքերը հակասում են ԱՄՆ ազգային հետախուզության հայտարարությանը, որի գրասենյակն ապրիլի 30-ին տեղեկացրել էր, որ համաձայն է «գիտնականների լայն կոնսենսուսի» հետ, որոնք կարծում են, որ կորոնավիրուսը արհեստական ծագում չունի և գենետիկորեն մոդիֆիկացված չէ:
Ավելի վաղ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն մեկ անգամ չէ, որ մեղադրել են Չինաստանին վիրուսի ծագման տվյալների վերաբերյալ ոչ բավարար թափանցիկություն դրսևորելու համար: ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը Պեկինին բազմիցս կոչ է արել պատասխանել այն հարցին, թե արդյոք վիրուսը չէ՞ր կարող «դուրս պրծնել» Ուհանի վարակաբանական ինստիտուտից, որտեղ վտանգավոր վիրուսային հիվանդությունների ուսումնասիրություններ են արվում:
ԱՄՆ նախագահն անձամբ պնդել է, որ ամերիկյան կողմն ուսումնասիրում է վիրուսի` Ուհանի լաբորատորիայում առաջանալու վարկածը և մտադիր է պարզել դրա ծագումը: Թրամփը Պեկինին սպառնացել է հետևանքներով, եթե պարզվի, որ Չինաստանը գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի տարածումը:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 322 0814 է, մահացել է 234 408 մարդ, ապաքինվել է 1 050 408 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

