«Ռիանեյր» ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով նախատեսում է 3000 աշխատատեղ կրճատել

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ «Ռիանեյր» (Ryanair) ավիաընկերությունը, կորոնավիրուսի համավարակի պայմաններում թռիչքների կրճատման հետևանքով ծրագրում է 3000 աշխատատեղ կրճատել, աշխատակիցների աշխատավարձերն էլ իջեցնել մեկ հինգերորդով: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի ամառ չի ակնկալում ուղևորների կամ գների մինչկորոնավիրուսային մակարդակի վերականգնում:

Ավիաընկերությունը հայտարարել է նաև, որ ծախսերի կտրուկ կրճատման շրջանակում մինչև ուղևորափոխադրումների վերսկսումը հնարավոր է փակվեն Եվրոպայում ընկերության մի շարք բազաներ:

Ընկերությունը, որը պատրաստվում է հայտարարել 100 միլիոն եվրո վնասի մասին, տեղեկացրել է, որ աշխատատեղերի կրճատումը կսկսվի հուլիսից: Կրճատումները հիմնականում կվերաբերեն օդաչուներին և բորտուղեկցորդներին: