ԱՄՆ հետախուզությունը Թրամփին կորոնավիրուսի վտանգի մասին զգուշացումներ է արել դեռևս հունվարին․ The Washington Post

ԱՄՆ հատուկ ծառայությունները նախագահ Դոնալդ Թրամփին կորոնավիրուսի վտանգների մասին տասնյակ զգուշացումներ են արել, գրում է The Washington Post-ը։

Նախկին և ներկա պաշտոնյաների խոսքով՝ հետախուզությունն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման մասին դեռևս հունվար-փետրվարին է զգուշացումներ արել, ինչպես նաև հաստատել, որ չին պաշտոնյաները թաքցնում են վիրուսի տարածման մասշտաբները և մահվան դեպքերի իրական թվերը։
Զրուցակիցների խոսքով՝ Թրամփն այդ նախազգուշացումները լուրջ չի ընդունել՝ հրաժարվելով Սպիտակ տանը կորոնավիրուսի հարցով զբաղվող թիրախային խումբ ստեղծել։ Նշվում է նաև, որ Ազգային անվտանգության գծով փոխխորհրդական Մեթյու Փոթինգերը կոչ է արել Եվրոպայի հետ ԱՄՆ սահմանները դեռևս փետրվարին փակել, սակայն Թրամփը նման քայլի է դիմել միայն մարտին։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնվելու մասին դեռևս նոյեմբերին են սկսել տեղեկություններ հավաքել։ Աղբյուրները պնդում են, որ տեղեկությունները Թրամփին դեռևս հունվարին են փոխանցվել, սակայն նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի վտանգավորության մասին իմացել է միայն փետրվարի 2-ին ուժի մեջ մտած Չինաստանից ԱՄՆ մեկնման սահմանափակումներից ոչ շուտ։
Ապրիլի սկզբին ԱՄՆ հետախուզությունը Սպիտակ տանը գաղտնի զեկույց է ներկայացրել, որում խոսվում է այն մասին, որ Չինաստանը թաքցնում է երկրում համաճարակի իրական մասշտաբները։ Մասնավորապես կասկածներ կան, որ Պեկինն ընդհանուր վարակվածների և վիրուսից մահացածների իրական տվյալները թաքցնում է։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն Չինաստանին և այլ երկրներին կոչ է արել թափանցիկ լինել կորոնավիրուսի վիճակագրության հարցում։ Թրամփը, իր հերթին, խոստացել է Չինաստանին պատասխանատվության ենթարկել և ֆինանսական պահանջներ ներկայացնել։