Հանրային ՀՌ-ում պաշտոնին հրաժեշտ են տվել նաև Պետրոս Ղազարյանը և Վարդան Հակոբյանը
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ափոսոսանք հայտնելով ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։
«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։
Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։
Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։
Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի տեսաուղերձին նախորդել էր «կադրից դուրս» հատված, որն էլ վերջին օրերին մամուլում և սոցիալական հարթակներում բուռն քննարկման առիթ էր դարձել:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կատարվածի մեջ մեղքադրելով Հանրային հեռուստաընկերության թիմին: Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերության ուղիղ միացման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանն իր հերթին հայտարարել էր, որ ինքը զգուշացրել է, որ արդեն ուղիղ եթերում են և կատարվածը ոչ թե իր, այլ վարչապետի աշխատակազմի մեղքն է:

