Շտապօգնության աշխատակիցների հանդեպ կառավարության խտրական քաղաքականությունը (տեսանյութ)

Շտապօգնության աշխատակիցների հանդեպ կառավարությունը խտրական քաղաքականություն է իրականացնում․ գերլարված ռեժիմով աշխատելով, նրանք չեն օգտվում բժշկական ապահովագրությունից և ցածր աշխատավարձ են ստանում։

Երևանի շտապօգնության ծառայության աշխատակիցները տևական ժամանակ է, դժգոհում են գերծանրաբեռնված, լարված աշխատանքից ու դրա դիմաց իրենց տրվող անհամարժեք, ցածր աշխատավարձից՝ նշելով, որ տարեցտարի ավելանում է կանչերի թիվը, մինչդեռ երկար տարիներ է, իրենց աշխատավարձերը չեն վերանայվել։

Ի դեպ, ոլորտի աշխատակիցները զրկված են նաև բժշկական ապահովագրությունից, այնինչ իրենց ամենօրյա աշխատանքը բավականին ռիսկային է, լարվածությունը, հոգնածությունը նպաստում են հիվանդությունների ձեռք բերմանը, իսկ բուժվելու համար իրենց ստացած աշխատավարձը չի բավականացնում։

Մեզ հետ զրույցում  «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ վերոնշյալ խնդիրները շտապօգնության բուժանձնակազմի մշտական քննարկման հարցերից են, սակայն դրանց շուրջ խոսակցությունները թեժացան հատկապես առողջապահական առաջնային օղակի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումից և նրանց՝ սոցփաթեթի ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռելուց հետո:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ քաղաքապետարանն ու առողջապահության նախարարությունը քննարկում են շտապօգնության աշխատակիցների մտահոգությունները փարատելու մի շարք տարբերակներ, բայց թե, ի վերջո, ի՞նչ լուծում կտրվի դրանց, անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում