ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին․ Տիգրան Ավինյան
Հունվարի 30-ին Երևանում տեղի է ունեցել «ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության) առաջին ազգային զեկույցի» ներկայացմանը նվիրված համաժողովը: Այն կազմակերպել են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը։ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, համաժողովին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ելույթ ունենալով, փոխվարչապետը նշել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Այս առումով ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության համար առաջնային նպատակ են, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում ԱՃԹՆ (EITI) սկզբունքների բազմակողմանի ներդրումն է։
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանը 50 երկրներից բաղկացած ԱՃԹՆ-ի գլոբալ համայնքում համեմատաբար նորեկ է, անցած 2 տարիների ընթացքում նախաձեռնության շրջանակում արդեն իսկ գրանցվել են մի շարք արդյունքներ։
Առաջինը, ի դեմս ԱՃԹՆ բազմաշահառու խմբի՝ Հայաստանի կառավարման համակարգում ստեղծվել ու կայացել է իրավահավասարության և կոնսենսուսային որոշումների կայացման սկզբունքների վրա հիմնված կառավարություն-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն համագործակցության առաջին հարթակը։ Այս խմբի գործունեության արդյունքում ստեղծվել է ազգային զեկույցը, որը, ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջների համաձայն, ներկայացնում է Հայաստանում 2016-2017 թվականների մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը։
Հաջորդ արդյունքը 2018 թվականին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերի հրապարակումն էր, որոնք մինչ այդ հասանելի չէին հանրությանը։ Միաժամանակ հրապարակվել ու մշտապես թարմացվում է երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման թույլտվությունների ռեգիստրը՝ ընդգրկելով ստանդարտով պահանջվող ողջ տեղեկատվությունը։ Բացի դրանից, անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։
Փոխվարչապետը հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլև դրանք հնարավորինս մատչելի ձևով հասցնել յուրաքանչյուր շահառուի՝ լինի նա հեռավոր ազդակիր համայնքի բնակիչ, գիտաշխատող, գործարար թե պետական ծառայող: Միայն այս դեպքում հնարավոր կլինի խթանել տեղեկացված հանրային բանավեճ և ունենալ իրական փոփոխություններ: Այդ նպատակով ստեղծվել է նաև ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքը և հաշվետվությունների առցանց ներկայացման նորարարական հարթակը, որոնց միջոցով հանրությանն է ներկայացվում նախաձեռնության և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։

