ԱՄՆ-ը աջակցել է Թուրքիային՝ Հայկական հարցի վերաբերյալ

Արդեն ամբողջ հայոց աշխարհը գիտի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «համաձայնության են եկել»: Թուրքը երկար կամակորություն արեց, բայց ի վերջո եկավ Ամերիկա և «կարգավորեց ամեն ինչ»: Այստեղ նույնիսկ մի շարք փորձագետներ արտահայտել են իրենց կարծիքը. իբր թե ինչ-որ բանի վերաբերյալ նրանք համաձայնության են եկել, և թե Թրամփը խոստացել է Թուրքիային հանձնել նաև Ֆեթհուլլահ Գյուլենին: Դե իսկ Թրամփի կուսակից, հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմը նոյեմբերի 13-ին հայտնել է, որ արգելափակել է ԱՄՆ սենատի կողմից Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Ո՞վ չի հասկանում, որ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի, «աշխատանքը» պարզապես ամերիկյան առաջարկությունն էր Թուրքիային՝ «առևտրի» մեկնարկի մասին:

Գրեմն օգտվել է այն կանոնից, որի համաձայն սենատորներից մեկը կարող է արգելափակել բանաձևի ընդունումը ամբողջ պալատի կողմից: «Ես հենց նոր հանդիպել եմ Էրդողանի և նախագահ Թրամփի հետ և խոսել եմ այն ​​խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում՝ Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Հուսով եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Գրեմը հեռարձակվող Սենատի նիստի ընթացքում: Գրեմը, որ համարվում է Թրամփի մերձավոր դաշնակիցը, հավելել է, որ սենատորները «չպետք է ոչ գեղեցկացնեն, ոչ էլ վերաշարադրեն պատմությունը»: Ահա՝ այդպես: Տեսնո՞ւմ եք, հայեր: Թրամփին մոտ գտնվող հանրապետականները խոսեցին թուրքերի նման… Պարզվում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ըստ սենատոր Գրեմի (և, հետևաբար, նաև նախագահ Թրամփի), նշանակում է «գեղեցկացնել և վերաշարադրել պատմությունը»: Իսկ մենք Հայաստանում և Սփյուռքում միամտորեն մտածում էինք, որ դա պատմական և մարդկային արդարության վերականգնում է: Տեսնո՞ւմ եք, հայեր, աշխարհի հայության հոգիների մեջ թքելու ի՞նչ ծանր դաս է տվել ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության առաջատար քաղաքական գործիչներից մեկը: Մի հուսահատվեք՝ ամերիկյան դեմոկրատները նույն բանով էին զբաղվում:

Իսկ ահա թե ինչ «հետքերով» հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը՝ Թրամփի հուսալի դաշնակիցներից ևս մեկը: «Մեզ պետք է, որ Թուրքիան վերադառնա մեր շարքերը: Նրանք երկար տարիներ լավ դաշնակիցներ են եղել, այդ թվում՝ Կորեայի պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների ժամանակ, նրա ներկայությունը մեզ հետ Աֆղանստանում»,- Reuters գործակալության տղեկացմամբ, ասել է Էսփերը: «Ուստի մենք պետք է շարունակենք կապեր հաստատել, հատկապես ռազմական մակարդակում, որպեսզի երաշխավորենք, որ կարող ենք ամուր հարաբերություններ ունենալ, որոնք կօգնեն մեզ հաղթահարել այս դժվարին ժամանակահատվածը»,- ավելացրել է նա:

Դե ինչ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևից և այդ օրերի՝ հոկտեմբերի վերջի  ստերից ոգևորության փուչիկը պայթե՞լ է, թե դեռ ոչ: Իբր թե` վերջ, անմիջապես «ուժի մեջ է մտնում», Սենատը պետք չէ, նախագահ Թրամփի հաստատումը պետք չէ: Եվ հանկարծ ապտակ՝ սենատոր Գրեմի կողմից: Գնացեք-գնացեք, բողոքեք Սպիտակ տան դիմաց: Բայց ո՞վ է ձեզ վրա ուշադրություն դարձնելու: Էրդողանը ժամանել է Վաշինգտոն, և վերջ: Վերջ ամերիկամետ հայության վարդագույն երազներին: Մեզ հերթական անգամ վառ ապացուցեցին` խաբում են նրանց, ովքեր ուզում են խաբվել և նույնիսկ ուրախանում են, որ իրենց խաբում են: Եվս մեկ դառը դաս և ևս մեկ հաստատում, որ ԱՄՆ և նրա դաշնակիցների խաղադրույքը Թուրքիայի և թուրքական ֆաշիզմի վրա անփոփոխ է:

Սերգեյ Շաքարյանց