Ամուլսարով մտահոգ քաղաքական ուժերից ակնկալվում են պաշտոնական հայտարարություններ և համախմբում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բոլորդ էլ տեղյակ եք, որ վերջին շրջանում Ամուլսարի շուրջ ծավալվող իրարանցումը իր կողմն է գրավել բազմաթիվ ուժերի։ Կարելի է պնդել անգամ, որ Արցախյան հիմնախնդրից հետո, Ամուլսարի հարցը դարձել է մեր երկրում օրվա խնդիր։ Եվ բնականաբար, ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ, փորձում է որոշակիորեն արձագանքել այս հարցին։
Մեր վերջին մեծ քայլերթին մասնակցում էին անգամ խորհրդարանական ուժեր, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց նախաձեռնությանը հետևողների շրջանում։
Սույնով հայտարարում ենք, որ «Ամուլսարն Առանց Հանքի» նախաձեռնությունը չի հարում որևէ քաղաքական ուժի, անկախ նրանից, որ նախաձեռնության համակարգողները տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անհատներ են։ Այս նախաձեռնության գերնպատակը Ամուլսարի պաշտպանությունն է։
Ուստի, լսելով մեզ ուղված բազմաթիվ կոչեր և առաջարկություններ, ստորև ներկայացնում ենք մեր դիրքորոշումը։

Բոլորս էլ գիտակցում ենք, որ Ամուլսարի հարցը այսօր քաղաքական որոշման կարիք ունի և այն վաղուց քաղաքականացված է։ Մենք տեսնում ենք պայքարի երկու ճանապարհ՝ քաղաքական և քաղաքացիական։ Բնականաբար մեր նախաձեռնությունը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին և շարունակելու է պայքարը քաղաքացիական դաշտում՝ հենվելով և հավատալով գիտակից քաղաքացիների այն մեծ զանգվածի վրա, որը պատրաստ է պայքարել մինչև վերջ։

Սրան զուգահեռ, մենք ուղղում ենք երկու հորդոր, բոլոր այն քաղաքական ուժերին, կուսակցություններին, որոնք հետաքրքրված են խնդրով․

1․ Նախ և առաջ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որի մեջ կնկարագրվի իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը և Ամուլսարի պաշտպանության տեսլականը՝ իրավական դաշտից մինչև բնապահպանական։

2․ Ամուլսարի պաշտպանության հարցում համակարծիք և մտահոգ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և հանդես գան այս հարցում համատեղ մշակած, մեկ միասնական դիրքորոշմամբ։

Մեր նախաձեռնությունը պատրաստ է կազմակերպել քաղաքական ուժերի երկխոսությունը, եթե մինչ այդ տվյալ քաղաքական ուժը կհրապարակի իր հստակ դիրքորոշումը Ամուլսարի հարցում ի լուր աշխարհի և կհայտնի նախաձեռնությանը իր պատրաստակամության մասին։

 

Հ․Գ․
Մենք ասում ենք հետևյալը․ մեր պահանջը հստակ է և անբեկելի՝ Ամուլսարը հանքի չի՛ դառնալու, Ամուլսարը մնալու է սար։ Մեր նախաձեռնությունը ձևավորվել է մոտ 2 տարի առաջ, հանրայնորեն և պատկանում է հազարավոր մարդկանց, ամենատարբեր հայացքների, որոնք ամեն պահի պատրաստ են իրենց ներդրումը ունենալ այս խնդրի լուծման համար։ Մեր պայքարը շարունակում է մնալ քաղաքացիական, մեր շարժումը այլ նպատակներով շահագործել ցանկացողները խիստ արձագանքի կարժանանան։ Մենք հավատում ենք մեր ուժերին, մենք վճռակամ ենք, մենք գնալու ենք մինչև վերջ։

Հ․Հ․Գ․
Գաղափարակիցներ, խնդրում ենք տարածել հայտարարությունը։

 

Ամուլսարի ֆեյսբուքյան էջից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԲոլորդ էլ տեղյակ եք, որ վերջին շրջանում Ամուլսարի շուրջ ծավալվող իրարանցումը իր կողմն է գրավել բազմաթիվ…

Опубликовано Ամուլսար – Amulsar Вторник, 27 августа 2019 г.