Մասնագետները հնարավոր են համարել մարդկության նույնիսկ երկու երրորդի վարակումը նոր կորոնավիրուսով, ի՞նչ է սպասվում մեզ…

Այս տարվա հունվարի 21-ին, երբ գրում էի Չինաստանում հայտնված ու ոչ տիպիկ թոքաբորբի հանգեցնող նոր` 2019-nCoV կորանավիրուսի մասին առաջին հոդվածս, ամբողջ Չինաստանում արձանագրվել էր նոր տիպի վիրուսով վարակման ընդամենը 217 դեպք, մահվան դեպքերը սոսկ մի քանիսն էին, իսկ աշխարհում, բացի Չինաստանից, նոր վարակի ի հայտ գալու մասին որևէ խոսք չկար: Ուհան քաղաքում, որտեղ գրանցվել էր բռնկումը և վարակվածների ամենամեծ թիվն էր` 198 հոգի, մահացել էր նրանցից երեքը: Պեկինում հիվանդների քանակն ընդամենը հինգն էր:

Այսօր առավոտ հրապարակված տեղեկությունների համաձայն, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների քանակը հասել է արդեն 67 096-ի, մահվան դեպքերի քանակը` 1526-ի: Փետրվարի 14-ի դրությամբ վարակված 1716 բուժաշխատողից վեցը մահացել է: Չինաստանից բացի, վարակման 448 դեպք է գրանցվել աշխարհի 25 երկրում (վերջինը` Եգիպտոսում, որը հանդիսացավ աֆրիկյան առաջին պետությունը, որտեղ արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք): Նշենք նաև, որ եթե Ճապոնիայի ափին, Նոկոգամի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող «Diamond Princess» ճամփորդական հանրանավի վրա գտնվող 2666 զբոսաշրջիկներից, փետրվարի 10-ի դրությամբ, ըստ հաստատված դեպքերի, 130-ն էր վարակված նոր կորոնավիրուսով, ապա փետրվարի 14-ին 2019-nCoV-ից հիվանդացածների քանակը հասել էր 174-ի:

Դե հիմա եկեք մի փոքր թվաբանությամբ զբաղվենք. փաստորեն եթե 2019թ. դեկտեմբերի 12-ից (առաջին դեպքի ի հայտ գալուց) մինչև հունվարի 21-ը, այսինքն` 40 օրում 2019-nCoV-ով վարակման ընդամենը 217 դեպք էր արձանագրվել, իսկ մահվան դեպքերը նույնիսկ նոր վարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում ընդամենը երեքն էին, ապա ս. թ. հունվարի 21-ից փետրվարի 15-ը ժամանակաընթացքում (25 օրում) նոր կորանավիրուսով վարակվածների քանակն ավելացել է 66 879-ով, իսկ մահվան դեպքերի քանակն ավելի քան 1520-ով: Ակնհայտ և անվիճելի է, որ ինչպես վարակման, այնպես էլ մահվան նոր դեպքերի քանակը նախորդ ժամանակաընթացքի համեմատությամբ աճել է երկրաչափական պրոգրեսիայով:

Ի՞նչ է սպասվում Չինաստանի բնակչությանը, Չինաստանին և, ի վերջո, մարդկությանը…

«Սինխուա» գործակալության փոխանցմամբ, փետրվարի 9-ին կայացած համաժողովում Չինաստանի ֆինանսների նախարար Լյու Կուն հայտնել է, որ Չինաստանը ստիպված է եղել մեծացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսավորումը և արդեն ավելի քան 10 մլրդ 260 մլն դոլարին համարժեք գումար ներդնել 2019-nCoV-ի հարուցած հիվանդության դեմ պայքարելու` կանխարգելման, բուժման, հիվանդության տարածումը վերահսկելու համար: Ընդ որում, դատելով ամենից, սա դեռ միայն սկիզբն է: Իր հերթին, Չինաստանի Կենտրոնական բանկը հայտնել է, որ վիրուսը դանդաղեցնում է արտադրությունը և ազդում գների կայունության վրա:

Անցնելով 2019-nCoV-ի տարածման դեմ պայքարի նոր փուլի. Չինաստանը համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում առանց այն էլ խիստ կարանտինն էլ ավելի է խստացրել. Այժմ բազմամիլիոնանոց քաղաքի բնակչությանն արգելված է իրենց տներից դուրս գալ առանց ծանրակշիռ պատճառների: Բացառություն է կատարվում նրանց համար, ովքեր աշխատում են վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ, կենսապահովման ծառայություններում, կամ պետք է բժշկական օգնություն ստանան:

«Bloomberg»-ին Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի փոխտնօրեն Վան Խեշենի հայտարարության համաձայն, նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը ստիպում են ասել, որ հիվանդության դեմ պայքարում եկել է ամենակրիտիկական պահը:

Տեղեկացնենք նաև, որ ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են «Diamond Princess» նավից տարհանել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Երկու չվերթով Միացյալ Նահանգները նախատեսում է ԱՄՆ վերադարձնել մոտ 380 մարդու: Նրանց մի մասը կարող է մնալ կարանտինում Կալիֆոռնիայի և Տեխասի ավիաբազաներում: Այսօր հայտնի դարձավ, որ Եվրոպայում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքը: Այն գրանցվել է Ֆրանսիայում, հիվանդանոցում մահացածը չինացի 18-ամյա զբոսաշրջիկ է, որը հոսպիտալացվել էր դեռ հունվարի 25-ին:

Փետրվարի 10-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը վկայակոչելով չինացի բժիշկների ուսումնասիրությունը, հայտնեց, որ չինացի գիտնականները կասկածի տակ են առել նոր կորոնավիրուսի համար ստեղծված թեստերի հուսալիությունը: 2019-nCoV-ի առկայությունը պարզելու համար յուրաքանչյուր երկրորդ թեստը կարող է սխալ արդյունք տալ, այնպես որ, հիվանդների իրական թիվը կարող է լինել առնվազն երկու անգամ ավելի բարձր: INTERFAX.RU-ի փոխանցմամբ, այս մասին նշված է 2019-nCov վիրուսի համաճարակային իրավիճակի մասին անցած երկուշաբթի հրապարակված  գերատեսչության տեղեկագրում: Այս փաստաթղթում «Ռոսպոտրեբնադզոր» մեջբերել է փետրվարի 8-ին չինական «Sina» գործակալությունից ստացված հաղորդագրությունը, ըստ որի, ՉԺՀ-ի բժիշկները նշում են նոր կորոնավիրուսի ուսումնասիրության ժամանակ մեծ թվով կեղծ բացասական արդյունքների մասին, այսինքն՝ երբ թեստը ցույց է տալիս մարմնում վիրուսի բացակայություն, չնայած նրան, որ իրականում վիրուսն առկա է:

Ինչպես նշել է «Ռոսպոտրեբնադզորը», ակադեմիկոս Վան Չենի (Wang Chen) գնահատմամբ, լաբորատոր ուսումնասիրության մեջ դրական արդյունք ներկայումս գրանցված է դեպքերի իրական քանակի միայն 30−50%-ի դեպքում: Այս տեղեկատվությունից արդեն իսկ հասկանալի է դառնում, որ վարակվածների մնացած 50-70 տոկոսը, որոնց մոտ նոր կորոնավիրուսի առկայությունը չի ախտորոշվում, չգտնվելով բուժման կամ կարանտինի մեջ, այսինքն` չմեկուսացվելով, ազատ տեղաշարժի, այլոց հետ շփումների իրավունք ու հնարավորություն ունենալով, էլ ավելի են մեծացնելու վարակի հետագա տարածումը:

Ներկայումս աշխարհում մշակված են նոր կորոնավիրուսի որոշման մի քանի թեստային համակարգեր: Մասնավորապես, 2019-nCov-ի հարուցած ոչ տիպիկ թոքաբորբի օջախ հանդիսացող Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտը մշակել է իմունոխրոմատոգրաֆիական վերլուծության վրա (ИХА) հիմնված թեստային համակարգեր: Մի շարք երկրներում ախտորոշման համար մշակվել են պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ПЦР) մեթոդի վրա հիմնված թեստային համակարգեր: Այդպիսի թեստ-համակարգ ստեղծվել է նաև Ռուսաստանում «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի մասնագետների կողմից:

Դարձյալ փետրվարի 10-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի հայտնած տեղեկության համաձայն, չինացի գիտնականները հաստատել են ռուսաստանյան թեստային համակարգի «բարձր արդյունավետությունը» կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար: Ա. Պոպովան հավելել է, որ Ռուսաստանը «անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիտարկել ԵՏՄ գործընկեր երկրներին Ռուսաստանի ժամանակակից ախտորոշիչ գործիքների լրացուցիչ մատակարարման հնարավորությունը»: Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ ««Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածաշրջանային կազմակերպություններին տրամադրվում է ախտորոշման թեստային համակարգեր` նոր կորոնավիրուսը հայտնաբերելու համար, սահմանվել է լաբորատոր ախտորոշման ալգորիթմը»:

Փետրվարի 11-ին «Կոմերսանտը» հրապարակեց Ռուսաստանում համաճարակին դիմագրավելու նախապատրաստվածության վերաբերյալ վարակիչ հիվանդությունների բուժմանը բախված ավելի քան 1800 բժիշկների (համաճարակաբաններ, վիրուսաբաններ, տուբերկուլյոզի բժիշկներ, թոքաբորբոքաբաններ, ընդհանուր մասնագետներ և ընդհանուր բժիշկներ) շրջանում անցկացված հարցման արդյունքները: Ըստ այդմ, նրանց սովորեցրել են ճանաչել կորոնավիրուսը, բայց դեռ չեն տրամադրել դրա համար անհրաժեշտ ախտորոշիչ համալիրներ:

Հարցման մասնակիցներին տրվել է չորս հարց.

  1. Արդյո՞ք նրանց տրամադրվել է կորոնավիրուսի ախտորոշման համար մեթոդական տեղեկատվություն,
  2. Արդյո՞ք նրանք ունեն ախտորոշման համալիր` վիրուսի առկայությունը որոշելու համար,
  3. Որո՞նք են կորոնավիրուսների կառավարման ամենաարդյունավետ միջոցները:
  4. Ռուսաստանում կա՞ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիք:

Վերջին հարցին` Ռուսաստանում համաճարակի սպառնալիքի իրական լինելու վերաբերյալ, բժիշկների կարծիքները հավասարապես բաժանվել են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդատու Այրա Լոնջինը և Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Լենը հնարավոր են համարել նոր կորանավիրուսով Երկրագնդի բնակչության նույնիսկ երկու երրորդի վարակումը:

Արթուր Հովհաննիսյան