Արկածախնդիրների նոր օպերացիան սկսված է

Ժողովրդի անունից, ժողովրդի ձեռքով օրվա պոպուլիստ իշխանությունը գնում է իր իսկ սեփական քաղաքական հաշվարկների իրականացման ճանապարհով: Բազմիցս ենք ասել՝ սրանք քայլեր են, որոնք ոչ մի առնչություն չունեն պետության ու ժողովրդի նպատակների, ցանկությունների, իղձերի հետ:

Անշուշտ այն, ինչ կատարվում է մեր երկրում, տրամաբանական շարունակությունն է 2018-ին տեղի ունեցած «թավիշի». դեռ ի սկզբանե «թավշյա առաջնորդի» քայլերը ցույց էին տալիս, որ իշխանության է գալիս արկածախնդիրների մի թիմ, որն ի զորու է գնալ պետության համար վտանգավոր և անկանխատեսելի քայլերի:

2018-ին սահմանադրական կարգի տապալմամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելուց, գործադիրն ու օրենսդիրը բռնազավթելուց հետո այսօր իշխող քաղաքական թիմն ու նրա առաջնորդը զբաղված են Սահմանադրական դատարանի զավթմամբ: Ու սրան գնում են՝ չխորշելով հակաիրավական, հակասահմանադրական գործողություններից, քայլերից: Եվ այսպես, երեկ «իմքայլականները» որոշում կայացրին՝ ՍԴ ոչ հաճելի դատավորներից ազատվել հե՛նց ժողովրդի ձեռքով՝ նրան տանելով հանրաքվեի: Սա նշանակում է, որ պոպուլիստները գործում են ժանրի բոլոր կանոններով՝ ժողովրդի անունից, ժողովրդի ձեռքով գնում են ՍԴ-ն բռնազավթելու ճանապարհով:

Նկատենք, որ ի սկզբանե իշխանության հաշվարկներում չկար հանրաքվեի անցկացումը: Հակառակը՝ նպատակ ունեին ամեն ինչ վերջացնել հենց Ազգային ժողովի պատերից ներս՝ հայտնի նախագիծը իմքայլականների քվեարկությամբ ընդունելով: Սակայն միջազգային ճնշումները փոխեցին ընթացքը և պոպուլիստները որոշեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը թողնել ժողովրդի որոշմանը՝ համաժողովրդական հանրաքվեին: Եվ իշխանությունը երեկ խորհրդարանում իրականացրեց հետևյալ սցենարը. նախ, ԱԺ արտահերթ նիստում որոշեցին չընդունել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իսկ հետո քննարկեցին ու ընդունեցին Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը:

Այսպիսով, երկրի օրենսդիր մարմնում իրականացվեց հակասահմանադրական քայլ: Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովից հանրաքվեի կարող է դրվել միայն Սահմանադրական դատարանի եզրակացությունն ստանալուց հետո: Մինչդեռ իշխող ուժը որոշեց շրջանցել Սահմանադրական դատարանը, դրանով դեմ գնալով Սահմանադրության 168-րդ ( 2-րդ կետ) և 169-րդ ( 2-րդ կետ) հոդվածներին: Պարզվեց, որ ժողովրդավարությունից, իրավական պետությունից ու օրինականությունից ամեն օր ու ամենից շատ ճամարտակող այս իշխանության զինանոցի գործիքակազմերը հակասահմանադրականությունն ու հակաիրավականությունն են:

Այն, ինչ կատարվում է երկրում, իրավական գործընթաց չէ, ինչպես երեկ ակամա անկեղծացավ իմքայլականներից մեկը, սա հին Հայաստանն այն աշխարհ ուղարկելու, նախկինների վերջին որջը՝ Սահմանադրական դատարանը մաքրելու օպերացիա է: Փաստորեն սկսվում է քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի օպերացիայի մի նոր փուլ:

Իշխանության հաշվարկն է՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք Սահմանադրական դատարանում ունենալ ենթակա դատավորների խումբը: Անգամ ՍԴ դատավորի հնարավոր թեկանածուի անուններ են շրջանառվում, դրանցից մեկը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունն է: Բայց արդյո՞ք հանրաքվեի արդյունքում հնարավոր կլինի ստանալ իշխանության համար նախընտրելի պատկերը: Խնդիրը հետևյալն է. Սահմանադրության 207–րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված կհամարվի այն դեպքում, եթե դրան կողմ քվեարկի հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ Ասել է, թե անհրաժեշտ է առնվազն 648.285 կողմ քվե ունենալ: Մեկ ու կես տարում վարկանիշային լուրջ անկում գրանցած Փաշինյանի համար ամենևին հեշտ չի լինի հիշյալ թվով քվե ստանալը: Այսինքն, Հրայր Թովմասյանից ու մյուս դատավորներից հանրաքվեի ճանապարհով ազատվելը շատ բարդ է լինելու, Փաշինյանը գնում է վտանգավոր ճանապարհով, ինչը կարող է դառնալ իր իշխանության վերջի սկիզբը: Սա «Իմ քայլ»-ում լավ են հասկանում, ու դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, քաղաքական ուժի ներսում շատերն են դեմ եղել այս որոշմանը, սակայն չեն համարձակվել հրապարակավ դեմ գնալ:

Եվ ուրեմն ի՞նչ է մնում անել Փաշինյանին՝ 648.285 քվե շահելու համար: Ելքը՝ «պողոսներին» ոգևորող մի նոր մարտավարություն մշակելն է: Իսկ դրա համար նախ հարկ կլինի մեծացնել պոպուլիզմի դոզան, ատելության խոսքն ու հայհոյախոսությունը հասցնել մի նոր աստիճանի, և իրականացնել ցնցող ձերբակալություններ: Չնայած դրանք էլ արդեն հասարակությանը հոգնեցրել են ու չեն հետաքրքրում: Գուցե մի նոր բա՞ն մոգոնի պարոն Փաշինյանը, ասենք, հասնի սեփական տան անդամներին, կամ հարազատ-բարեկամներին ձերբակալելուն: Այ, դա իրոք ցնցող կլինի ու «պողոսներին» մի նոր էներգիա կհաղորդի, թե չէ «սև»-եր բռնելն ու բաց թողնելն այլևս օրիգինալ չէ…

«Շնաբարո դուրսպրծուկներ…»,-Փաշինյանը երեկ արդեն իսկ իր տարերքի մեջ էր, ատելության մի նոր խոսք դրեց շրջանառության մեջ ու հերթական ջրբաժանը քաշեց՝ մարդկանց «սորտավորելով» դավաճանների ու նվիրյալների, «հակաժողովրդական, հակապետական ուժերի» ու «Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»-ի: Պոպուլիստի նոր օպերացիան սկսված է, իսկ Հայաստանը՝ կանգնած վտանգավոր եզրագծի առաջ: Մի բան փաստ է, որ Երկիրը ներսից թուլացնող այս հակասահմանադրական քայլերը հանգեցնելու են միջազգային իմիջի կտրուկ անկման, հետևանքը՝ անտեսված ու անլուրջ պետությունների շարքին դասվելն է:

Գիտակցո՞ւմ է Նիկոլ Փաշինյանն իր քայլերի վտանգավորությունը՝ պետության ու ժողովրդի համար, պատրա՞ստ է կրել կատարվածի քաղաքական, իրավական ողջ պատասխանատվությունը:

Այսպիսով, Հայաստանը մտնում է քաղաքական բարդ գործընթացների փուլ. հայտարարված հանրաքվեն ինքնին կհանգեցնի ընդդիմադիր դաշտի արագ վերադասավորման: Գուցեև կոալիցիաներ ի հայտ կգան: Իսկ կոնսենսուսի հանգելը կդառնա պարտադիր քայլ:

Նկատենք, որ ԱԺ կայացրած որոշումից մեկ օր է անցել, և քաղաքական դաշտից արդեն իսկ հնչում են հնարավոր հանրաքվեն բոյկոտելու կամ դրան արագորեն հակազդելու, կերծ իշխանության կողմից ՍԴ յուրացում թույլ չտալու կոչեր։

Արմինե Սիմոնյան