Արտաշատյան խաչապատկեր-հրաշքի հետքերով

«Լավաշները թոնրից դուրս են գալիս Քրիստոսի դիմապատկերով» վերտառությամբ LIVEmews.amի երեկվա հրապարակմամբ մեր ընթերցողներին տեղեկացրել էինք Երևանին մոտակա գյուղերից մեկի բնակչի թոնրատանը թխվող լավաշների մասին, որոնց վրա, ինչպես Քրիստոսի դիմապատկերն առաջինը նկատած ռեժիսոր Արթուր Վարդանյանն է ասել, «…հստակ պատկերված է մի դեմք, որը մինչ այժմ մարդկությունը տեսել է միայն հայտնի դաստառակին»: Միաժամանակ նշել էինք մեկ այլ հրաշքի մասին, որի հետքերով ժամանակին տողերիս հեղինակը գնացել է անձամբ: Կտրել էին ծառը ու ծառի մեջ հայտնաբերել հստակ արտահայտված խաչապատկեր:

Ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի տարբեր վայրերում ժամանակ առ ժամանակ ի հայտ են եկել աստվածային հրաշքներ, անբացատրելի իրողություններ և երևույթներ, բնության զարմանահրաշ ստեղծագործություններ:

Արտաշատ քաղաքի մարզադաշտի դիմաց գտնվող լողավազանի հարևանությամբ վթարային վիճակում գտնվող պատը քանդելու, նորը կառուցելու նպատակով 2011թ. ապրիլին անհրաժեշտություն է եղել հանելու 4-5 ոչ մեծ ծառեր: Ապրիլի 23-ին մարզադպրոցի մարզիչ Վարդան Եղիազարյանը գործընկերների հետ բենզասղոցով մոտեցել է նախապես արմատահան արված, գետնին դրված ծառին:

«Ծառը սովորաբար բարակ մասից դեպի հաստ մասն ենք կտրում. սղոցը գործի գցեցի, մոտեցրի, որ կտրեմ, հանգավ,- պատմեց Վարդան Եղիազարյանը:- Երկրորդ անգամ էլ փորձեցի, նորից հանգավ: Մի քանի անգամ փորձեցի, դարձյալ նույնը: Որ սղոցը նորից գործի գցեցի, ջղայնացած, գազը պահած, էլ չտարա նույն տեղը, գնացի ծառի հակառակ կողմը, քոքից մոտ 70 սանտիմետր վերև, միանգամից կտրեցի, երկու մասի բաժանեցի: Որ խաչը տեսա, զարմանքից քարացա»:

Շարունակել են կտրել և՛ դեպի արմատի կողմը, և՛ դեպի սաղարթի կողմը, սակայն խաչապատկեր այլևս չեն հայտնաբերել: 10-12-ամյա թխկենու իրանից կտրված, միջինը մոտ 12,5 սմ տրամագծով երկու շերտը, որոնցում արտահայտված է այդ խաչապատկերը, միասին վերցված, ընդամենը 5,5 սմ հաստություն ունեն: Այսինքն` եթե բենզասղոցը չհանգչեր, ու ծառը կտրվեր սաղարթի կողմից, շատ հնարավոր է, որ խաչապատկեր պարունակող հատվածն ընկներ կտորներից մեկի միջնամասում, ընդհանրապես չերևար և, որպես վառելափայտ, գնար-կորչեր: Ավելին` եթե ծառը կտրված տեղից 2 սանտիմետր այս կողմ, 2 սմ այն կողմ կտրվեր, խաչապատկերը դարձյալ չէր երևա:

Ուշագրավ է նաև խաչապատկերի գրեթե ճշգրիտ, համաչափ լինելու և հայոց շրջանում պաշտելի խաչերի նման ծաղկած թևեր կամ զույգ ծայրերով ավարտվող վերջավորություններ ունենալու հանգամանքը: Կտորներից մեկին եղած խաչապատկերի զույգ, իսկ մյուս շերտի խաչապատկերի երեք թևերի ծայրերին, հենց մեջտեղում կարծես գամեր խրված լինեն, որոնցով, ինչպես հայտնի է, ժամանակին խաչել են Քրիստոսին:

Հետաքրքիր է նաև, որ խաչապատկերը ծառի կտրված շերտի հենց կենտրոնում է, այս կամ այն կողմ շեղված չէ, իսկ խաչապատկերի կենտրոնի, թևերի միացման հատվածի շուրջ հստակ արտահայտված տարեկան օղակը հիշեցնում է դարձյալ մեր պաշտելի խաչի այնպիսի պատկերներ, որոնցում, խաչված Քրիստոսի փոխարեն, նրան խորհրդանշող պարզ կամ արեգակնակերպ շրջանակն է խաչի կենտրոնում` իբրև կենտրոնական, առանցքային միավոր:

Վերոնշյալ խաչապատկերի հայտնաբերման փաստը մեզ դրդեց հետաքրքրվել, թե Հայաստանում նախկինում էլ եղե՞լ են նման զարմանալի բաներ և նույնիսկ հրաշքներ, որ գիտության տեսանկյունից, համենայնդեպս` այժմ, դեռ հնարավոր չէ բացատրել: Պարզվում է` միայն վերջին 100 տարում այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց, ինչպես նաև արտաշատյան խաչապատկեր-հրաշքի վերաբերյալ հոգևորականի, մասնագետի, գիտնականների կարծիքներին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան