Լավաշները թոնրից դուրս են գալիս Քրիստոսի դիմապատկերով

Դրանց վրա հստակ պատկերված է մի դեմք, որը մինչ այժմ մարդկությունը տեսել է միայն հայտնի դաստառակին

Վերջերս հայտնի դարձավ, որ Երևանի մոտակա գյուղերից մեկում գտնվող մի թոնրում թխված լավաշներն իրենց վրա ունեն Քրիստոսի դիմապատկերը: Ընդ որում, խոսքը մեկ լավաշի մասին չէ, որի վրա Քրիստոսի դիմապատկերի հայտնվելը ոմանք միգուցե պատահականություն համարեն: Այս փաստը հայտնաբերել է ռեժիսոր Արթուր Վարդանյանը:

Լավաշի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով, նկարահանող խումբը Երևանի մոտակա գյուղերից մեկում գտել է համապատասխան թոնիր ու սկսել նկարահանումը։ Երբ թոնրից սկսել են հանել լավաշները, ռեժիսորի աչքից չի վրիպել լավաշի վրա կարմրած նախշերով պատկերված Քրիստոսի դիմապատկերը: Դեռ չհասցրած բավականաչափ նայել, ընկալել, թոնրից հանել են հաջորդ լավաշները, որոնց վրա ավելի հստակ է երևացելլ դեմքի պատկեր, որը, ինչպես Արթուր Վարդանյանն է ասել Armeniasputnik.am-ում հրապարակված հոդվածի  հեղինակին, «ոչ ոքի հետ չես շփոթի»։

«Հետո ամբողջ խմբով մի քանի ժամ նայում ու քննարկում էինք,- պատմել է Արթուր Վարդանյանը:- Խնդրում էինք գյուղի կանանց, որ էլի թխեն։ Այդպես էլ կա՝ հենց այդ պատկերն է։

Խնդրեցինք փոխել թոնրի պատը, փոխել շիկացած պատին խփելու անկյունը։ Կանանցից մեկն ասաց` «ամենաճիշտ» լավաշը թոնրի հենց այդ պատի վրա է թխվում, բայց եթե շատ եք ուզում, կփորձեմ։

Հանեց տաք հացը․ ամբողջ խմբով վրա հասանք, նայեցինք, շրջեցինք։ Չէ, չստացվեց, դեմքը չկար։ Նույն պատին վերադարձանք, կրկնեցինք փորձը։ Ստացվեց։

Գյուղացիները մտածեցին` նկարահանող խումբը գժվել է։ Ֆիլմ նկարահանելու փոխարեն թոնիրի շուրջ վազվզում են, ինչ-որ բան են քննարկում, իրար են ցույց տալիս։

Հետո, երբ ասացինք` թոնրում կարմրացրած խմորի նախշերը ինչ պատկերի են վերածվում, նրանց բերանները բաց մնացին։ Մի՞թե երբեք չեք նկատել։ Ասում են` չէ, ի՞նչ նկատելու բան կա, հաց է էլի․․․Միայն թե հենց այդ պատի վրա այդ անկյունի տակ լավաշն ամենաճիշտն է թխվում․․․

․․․Մենք երկար սպասեցինք, որ թոնիրը սառչի, հետո մեջը մտանք, ուշադիր ուսումնասիրեցինք դարավոր կավի վրայի ճեղքերը։ Ոչ մի պատկեր, ոչ մի նախշ։ Սովորական ճեղքեր են։ Առանձնահատուկ ոչինչ։

Բայց մեկ ժամ առաջ բոլորի աչքի առաջ նույն այդ թոնրում հրաշք էր ծնվում»։

«Լավաշների վրա հստակ պատկերված է մի դեմք, որը մինչ այժմ մարդկությունը տեսել է միայն հայտնի դաստառակին։ Ինքներդ դատեք․․․»,- ասել է Արթուր Վարդանյանը ու ցույց տվել լուսանկարները, հետո էլ՝ ապագա ցուցահանդեսի երեսուներեք ցուցանմուշները (լավաշների քանակը հավանաբար ընտրվել է Քրիստոսի տարիքին համապատասխան)։

Լավաշների վրա Փրկչի դիմապատկերի հայտնվելն ինձ հիշեցրեց մեկ այլ հրաշքի` արտաշատյան խաչ-հրաշքի մասին, որի հետքերով ժամանակին գնացել եմ անձամբ: Կտրել էին ծառը ու ծառի մեջ հայտնաբերել հստակ արտահայտված խաչ: Մեր առաջիկա հրապարակումներից մեկով կներկայացնենք նաև այս եղելությունը:

Արթուր Հովհաննիսյան