Ի՞նչ նոր կորոնավիրուսի ներթափանցման վտանգ, առողջապահության նախարարությանը չարագործություններն են հետաքրքրում

Ի՞նչ նոր կորոնավիրուսի ներթափանցման վտանգ, առողջապահության նախարարությանն այլ հարցեր են հետաքրքրում` մարզային մի շարք ծննդատների փակում, վտանգավոր «Գարդասիլով» մեր երկրի հազարավոր բնակիչների պատվաստում և այլ չարագործություններ:

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից մահացությունների թիվը երեկվա դրությամբ հասել է 9-ի, հայտնաբերվել է վարակի հաստատված 440 դեպք: Այս մասին չորեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության հարցերով պետական ​​կոմիտեի ղեկավարի տեղակալ Լի Բինը:Կորոնավիրուսի նոր շտամը ստացել է 2019-nCoV անվանումը:

Լոնդոնի Թագավորական քոլեջի վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի գիտնականների կարծիքով, պաշտոնական տվյալները կարող են չներառել բոլոր վարակակիրներին, և նրանց իրական թիվը դեռ երեկվա դրությամբ կարող էր լինել 1700: Մահացու վիրուսը կարող է փոխանցվել օդակաթիլային եղանակով և մարդ- մարդ, մարդ- կենդանի շփման միջոցով:

Նոր վիրուսով հիվանդացածության դեպքեր են գրանցվել Պեկինում, Հոնկոնգի սահմանին գտնվող Շենժեն քաղաքում, Շանհայում ու Չինաստանի այլ բնակավայրերում: Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկում համաճարակի մասին լուրերը հանգեցրել են ֆոնդային բորսայի գնանշումների անկման: Չինական յուանը նվազել է առնվազն 0,6% -ով, ինչն ամենամեծ արժեզրկումն է 2019թ. օգոստոսից ի վեր: Այդ երկրում առաջացել է բժշկական դիմակների և հակասեպտիկների պակաս:

Չինաստանի Հուբեյ նահանգի 11 միլիոնանոց մայրաքաղաքում` Ուհանում անցյալ տարեվերջին անհայտ ծագման թոքաբորբի բռնկումից հետո վիրուսն արդեն տարածվել է Չինաստանից դուրս, վարակման դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Թայլանդում և նույնիսկ ԱՄՆ-ում:

«Independent»-ի տեղեկացմամբ, ԱՄՆ-ում բացահայտվել է մահացու կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Ըստ քաղաքային իշխանությունների, վիրուսը Սիեթլում հայտնաբերվել է Չինաստանի ժամանած մի ճանապարհորդի մոտ: Դա հաստատել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին:

Կասկածելի վարակման դեպքեր են հայտնաբերվել Սինգապուրում, Հոնկոնգում, ինչպես նաև Ավստրալիայում, որտեղ անձը հիվանդացել է հենց Ուհանից վերադառնալուց հետո: Ֆիլիպիններից հունվարի 21-ին հայտնել են, որ իրենք 5-ամյա երեխայի համար թեստեր են ուղարկել ՝ լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար, քանի որ նա վերադարձել է Չինաստանից և հիվանդացել: Չինաստանի իշխանություններն արդեն պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է անձից այլ անձի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ըստ ռուսական ԶԼՄ-ների երեկվա հրապարակումների, հայտարարել է, որ աշխարհի բոլոր հիվանդանոցները պետք է պատրաստ լինեն բռնկումների: ԱՀԿ-ն նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբի բռնկման պատճառով այսօր Ժնևում արտակարգ իրավիճակների կոմիտեի հրատապ նիստ է անցկացրել: ԱՀԿ-ն դեռ երեկ նշել էր, որ այժմ փորձագետները պետք է որոշեն՝ սա միջազգայի՞ն մասշտաբի համաճարակ է: Մասնագետները պետք է պատրաստեն առաջարկություններ վիրուսի դեմ պայքարի և դրա կանխարգելման համար:

2019-nCoV շտամից առաջացած թոքաբորբի բռնկման կապակցությամբ Չինաստանում հիշում են մեկ այլ վիրուսի`SARS-ի հետ կապված մի պատմություն: Այն 2000-ականների սկզբին դարձյալ Չինաստանում է հայտնվել, վարակել 8098 հոգու, մարդկանց մոտ առաջացրել ծանր շնչառական համախտանիշ և սպանել հիվանդներից գրեթե 800-ին: Նոր վիրուսի ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ կապված է SARS վիրուսի հետ, նման է դրան: Ինչպես SARS-ի, 2019-nCoV-ի պարագայում նույնպես ինկուբացիոն ժամանակահատվածը տևում է 12 օր, հետո ջերմությունը սկսվում է գրեթե անմիջապես:

Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տեղեկատվության փոխանցման պրոբլեմների ինստիտուտի մոլեկուլյար էվոլյուցիայի բաժնի ղեկավար Գեորգի Բազիկինի, վերոնշյալ վիրուսներով վարակվածության պարագայում, որպես կանոն, հիվանդների մոտ կեսը մահանում է հյուծվածությունից, հիվանդության այլ բարդություններից կամ ուղեկցող, զուգահեռ վարակներից: Սա, իհարկե, բուժում չստանալու պարագայում: Նրա խոսքով ՝ գիտնականներին հասանելի տվյալները դեռևս թույլ չեն տալիս հասկանալ, թե երբ կստեղծվի այս հիվանդության համար պատվաստանյութ, ինչպես նաև, երբ հնարավոր կլինի դադարեցնել չինական վիրուսային թոքաբորբի տարածումը:

Նոր կորոնավիրուսով իվանդության հիմնական ախտանիշները` ջերմությունը, հազը` թեթև ծակոցով կամ առանց դրա, հոգնածությունը, շնչառության հետ կապված խնդիրները, բնորոշ են շնչառական հիվանդությունների մեծամասնությանը, ուստի ախտորոշումը ճշտելու կամ ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ են լրացուցիչ թեստեր:

Վիրուսի նոր շտամն առայժմ դեռ վատ է ուսումնասիրված: Գիտնականները շարունակում են պարզել, թե այն ունա՞կ է արդյոք մուտացիայի` գենոմի փոփոխության: Նոր թոքաբորբի համար հատուկ բուժում չկա: Դրա դեմ պայքարելու համար օգտագործվում են նույն միջոցները, ինչ սովորական թոքաբորբի բուժման համար, այլ խնդիր է, թե դրանք որքանով են արդյունավետ այս դեպքում: ՉԺՀ-ի Առողջապահության ազգային հանձնաժողովը հունվարի 20-ին հայտարարել է հիվանդների հետ շփված բժիշկների վարակման մասին:

Մասնագետները վախենում են, որ համաճարակը կշարունակվի տարածվել, քանի որ հունվարի 25-ին Չինաստանում լուսնային օրացույցով տոնում են Նոր տարին: Մարդկանց մեծ մասը արձակուրդում է և այցելում է երկրի այլ շրջաններում ապրող հարազատների ընտանիքներին, ընկերներին կամ պարզապես, որպես զբոսաշրջիկ, երկրի ներսում և Չինաստանից դուրս ուղևորությունների մեջ է:

Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, նոր վիրուսի գենետիկական կառուցվածքն արդեն հայտնի է, և աշխատանքներ են տարվում հիվանդության հայտնաբերման համար թեստային համակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանձնարարել է հնարավոր ամեն ինչ անել` նոր կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու համար: Ըստ ՉԺՀ նախագահի, անհրաժեշտ է «առաջին տեղում դնել մարդկանց կյանքը և առողջությունը» և կազմակերպել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումները:

«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ` հիվանդներին բուժելու, վիրուսային վարակի և դրա փոխանցման պատճառները հնարավորինս արագ հայտնաբերելու համար»,- ասել է Սի Ցզինպինը:

Չինաստանի նախագահը պաշտոնյաներին հորդորել է կոշտ միջոցներ ձեռնարկել` համաճարակը դադարեցնելու և մարդկանց պաշտպանելու համար: Ուհանի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում ուղևորները ջերմությունը հեռվից չափվում են ինֆրակարմիր ջերմաչափերով, իսկ զբոսաշրջիկների արդեն իսկ կազմակերպված խմբերին չեն թույլատրում լքել քաղաքը:

Ինչ են անում աշխարհի տարբեր պետություններ` նոր կորոնավիրուսով բնակչության վարակումը չթույլատրելու համար: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները` մայրցամաքի բնակիչներին նոր վիրուսով վարակվելուց պաշտպանելու համար:

Շատ երկրների միջազգային օդանավակայաններում, օրինակ, Մալազիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ուժեղացրել են Չինաստանից եկող ուղևորների համաճարակաբանական հսկողությունը: Այդ նպատակով տեղադրվել են նաև ինֆրակարմիր տիրույթում աշխատող սկաներներ՝ առանց մարդու մաշկին հպվելու, մարմնի ջերմաստիճանը հեռվից արձանագրող սարքեր` Չինաստանից ժամանողների շրջանում նորմայից բարձր ջերմություն ունեցողներին հայտնաբերելու համար: Նմանատիպ միջոցառումներ ձեռնարկվել են նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի և Նյու Յորքի օդանավակայաններում: Հյուսիսային Կորեան նախկինում փակել էր սահմանը ՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:

Եթե ​​պարզվի, որ վիրուսը տարածվում է սովորականից ավելի արագ, ապա Ռուսաստանի բնակչությունը մի քանի շաբաթից վտանգի կենթարկվի: Ռուսաստանն արդեն գիտակցել է, որ 2019-nCoV- ը կենսաբանական սպառնալիք է ներկայացնում երկրի բնակչության համար: Հունվարի 21-ին «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարեց, որ Ռուսաստանում կա կորոնավիրուսի վտանգ, հիշեցրեց երկրում սանիտարահիգիենիկ հսկողության ուժեղացման մասին, քանի որ տարեկան մոտ 1,5 միլիոն չինացի է գալիս Ռուսաստան: Ըստ ՌԴ առողջապահության ոլորտի պատասխանատուների, համապատասխան ծառայությունները պատրաստ են հակահամաճարակային միջոցառումների: Չինաստանից Ռուսաստան ժամանող բոլոր անձինք վերոնշյալ սկաներներով ստուգվում են:

«Իզվեստիան» գրել է, որ Ռուսաստանի առողջապահության նախարարության ռազմավարական պլանավորման կենտրոնում նախատեսում են մինչև հունվարի վերջ լաբորատորիաներում վիրուսը հայտնաբերելու մեթոդաբանություն ստեղծել, ինչը թույլ կտա մի քանի ժամից պարզել` մարդն արդյոք 2019-nCoV- ի կրո՞ղ է:

«Նոր վիրուսն ի վիճակի է հատել պետական ​​սահմանները: Հաշվի առնելով բեռների և ուղևորների առկա ինտենսիվ փոխադրումները, ոչ մի համաճարակաբանական իրավիճակ չի կարող լինել տեղական, այն միշտ էլ անդրսահմանային փոխադրման սպառնալիք ունի,- «Лайф»-ին ասել է վիրուսաբան Միխայիլ Շչելկանովը: – Մենք դա նկատեցինք 2002-2003 թթ. ընթացքում սուր շնչառական համախտանիշի օրինակով, Մերձավորարևելյան շնչառական համախտանիշի և այլ կորոնավիրուսների օրինակով»:

Իսկ ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը` Հայաստան նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով, նկատի ունենալով, որ մեր հանրապետություն են գալիս Չինաստանի բազմաթիվ քաղաքացիներ, էլ ավելի մեծաթիվ ՀՀ քաղաքացիներ առևտրի նպատակով Հայաստան-Չինաստան-Հայաստան ճամփորդության և ակտիվ շփումների մեջ են, հաճախակի գնում ու գալիս են, դրան գումարած նաև զբոսաշրջիկների այցելությունները:

Դատելով նրանից, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում այս կապակցությամբ 22.01.2020թ. ժամը 18:16-ի դրությամբ որևէ տեղեկատվություն չկա, իսկ Չինաստանում ի հայտ եկած նոր կորոնավիրուսի պատճառով թոքաբորբի բռնկման մասին ընդամենը մեկ ու հնացած (5 օրվա) տեղեկատվություն է, կարող ենք եզրակացնել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու նշված նախարարությունը ոչինչ էլ չեն անում ՀՀ նոր վիրուսի ներթափանցումը կանխարգելելու, Չինաստանից ժամանածների շրջանում հնարավոր հիվանդներին հայտնաբերելու նպատակով: Եվ սա` այն դեպքում, երբ դեռ հունվարի 20-ին Չինաստանը հաստատել է, որ վարակը կարող է փոխանցվել անձից այլ անձի: «Թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածներին այլ հարցեր են հետաքրքրում, ինչպես, օրինակ, մարզային մի շարք ծննդատների փակում, վտանգավոր «Գարդասիլով» մեր երկրի հազարավոր բնակիչների պատվաստում և այլ չարագործություններ:

Արթուր Հովհաննիսյան