«Գազպրոմ Արմենիան» սպառողների համար գազի սակագնի բարձրացման հա՞յտ կներկայացնի

Թեև 2020 թվականին սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, սակայն ամենայն հավանականությամբ «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի: Այս մասին Tert.am-ի տեղեկացմամբ,  ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Օրենքի ուժով 6 ամիսը մեկ կարող են հայտ ներկայացնել, բայց «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն կար, որ 2019 թվականին պահպանվելու են այն գործող գները, ինչը ունենք, անկախ նրանից, որ սահմանին գազի գինը բարձրացել էր: Հիմա՝ 2020 թվականին, եթե գազի արժեքը կրկին պահպանվում է 165 դոլար, այսինքն՝ այն գործող գինը եղած մեծություններից առնվազն բարձր է, ապա ենթադրում եմ, որ գոնե այդ մասով պետք է սակագինը վերանայելու հայտ լինի»,- նշել է ՀԾԿՀ նախագահը:

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև բանակցություններ հիմա էլ են ընթանում՝ երկարաժամկետ կտրվածքով գազի գնագոյացման հարցի շուրջ. «Խոսքը երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու մասին է: Նաև քննարկվում էր մոտ 230 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը: Այս ամբողջ կոնտեքստում են այդ հարցերը քննարկվում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019 թվականի մակարդակին: