Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր OPIC-ի գործադիր նախագահի հետ

Հայկական պատվիրակությունն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեծապես կարևորել է համագործակցությունը ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի հետ և ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը:

Մհեր Գրիգորյանը պարոն Բոհիգյանին ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայություններն ու անդրադարձել այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ բարեփոխումները կհանգեցնեն ՀՀ տնտեսության աճին: Ըստ փոխվարչապետի, Հայաստանում առաջնային հանրային առաջարկի ինստիտուտի կայացմամբ բնակչության, ինչպես նաև սփյուռքի ներդրումային ներուժն իրացնելու հնարավորությունը մեծանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործունեության ընդլայնման համար ստեղծված պայմանների և համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: