Մեծամորում միջադեպ՝ որսորդական հրացանի գործադրմամբ

Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, միջադեպի ժամանակ  մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։

Բացի դրանից, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով, առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։