ԱՄՆ-ի կառավարող խավը հետադիմում ու քայքայվում է ԽՄԿԿ փլուզման սցենարով

Եկեք մտորենք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից ԱՄՆ-ը։ Հայաստանի քաղաքացիներին այդպիսի բաց խոսակցությունն անհրաժեշտ է։ Վերցնենք, օրինակ, ամերիկյան խորհրդարանը` ԱՄՆ-ի Կոնգրեսը։

Քաղաքական պրակտիկայի տեսանկյունից՝ Կոնգրեսը մարմին է, որն արտահայտում է «դասակարգի կամքը» ընդունվող օրենքների միջոցով, բայց դիրքային հակամարտության աճին զուգընթաց, երբ հարձակումն ու պաշտպանությունը փոխադարձաբար չեզոքացնում են միմյանց, ԱՄՆ-ի այդ ինստիտուտը վերածվում է որոշակի գաղափարների ներշնչման միջոցի, որոնք մարմնավորվում են օրենսդրական տարբեր ակտերի տեսքով։ Քարոզչությունը նախկինում էլ Կոնգրեսի գործառույթներից մեկն էր, այնտեղ տարբեր օրենքներ էին ընդունվում ԽՍՀՄ-ի և ներկայիս Ռուսաստանի դեմ, բայց վերջին ժամանակներս քարոզչական բաղադրիչը Կոնգրեսի աշխատանքում դարձել է գլխավոր թեմա։ Ամերիկյան փորձագետներն իրենք են այսօր մտավախություն հայտնում, որ Կոնգրեսը վերածվել է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատների օրակարգն առաջ մղող պրոմոուշըն-բյուրոյի։ Նրանք շարունակ զբաղված են ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ վարկաբեկիչ փաստերի որոնումներով ու ձևակերպմամբ, և մի արշավը դեռ չմարած, տեղնուտեղը սկսվում է մյուսը։ Բայց, Թրամփի հարցերը դեռ չլուծած, Կոնգրեսն անցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նման պահվածքի պատճառներն արժե հասկանալ։

Ամերիկյան վերլուծաբանների տվյալներով, որոնք կշռադատում են աշխարհի բանակների հզորության ինտեգրալ գնահատականները, Ռուսաստանը երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո։ Երրորդ տեղում Չինաստանն է, իսկ հետո՝ մնացած բոլորը։ Նման իրականությունը հիստերիա է ծնում ԱՄՆ-ում, այստեղից էլ փոխհատուցիչ փիար-արշավները՝ ամեն տեսակի նվաստացուցիչ պիտակների տեսքով, ինչպիսիք են «բենզալցակայան-երկրներ», «ծվատված տնտեսություն» և այլն։

Հասկանալի է, որ ԱՄՆ-ի այդօրինակ պահվածքը լավ կյանքից չէ, և անզորության ցուցադրումն ամենասարսափելի բանն է, որ կարող է տեղի ունենալ այդ երկրի հետ։ Ռուսաստանի նկատմամբ կիրառելով վարկաբեկման բոլոր միջոցները և համոզվելով, որ դրանք չեն գործում, ԱՄՆ-ը որոշեց փոխել մարտավարությունը։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Դուեի ուսմունք»-ի դրսևորումն են։ Կար ամերիկյան մի այդպիսի գեներալ՝ Դուեն, ԱՄՆ-ի պետական ահաբեկչության հայեցակարգի հեղինակը։ Նա պահանջում էր անդադար և ինտենսիվ զանգվածային ռմբակոծությունների ենթարկել հակառակորդի ոչ թե ռազմական ու արդյունաբերական օբյեկտները, այլ բնակչությանը։ Նրա մտահղացմամբ, հենց ամերիկյան մտածելակերպի շրջանակներում, ամբողջությամբ ռմբակոծված ժողովուրդները պետք է բողոքի ակցիաներ կազմակերպեն իշխանությունների դեմ և ստիպեն հանձնվել։

Սկզբում «Դուեի ուսմունքը» լուրջ չընդունեցին, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրան նայեցին ավելի մեծ ուշադրությամբ։ Ամերիկացիների կողմից Բեռլինի ու Դրեզդենի, Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծումները «Դուեի ուսմունքի» դրսևորումն են։ Դրա ձևափոփոխ տարբերակը պատժամիջոցների քաղաքականությունն է։ Նպատակը նույնն է. այնպես իջեցնել բնակչության կենսամակարդակը, որ նա իշխանություններից պահանջի «հանձնվել» ԱՄՆ-ին։ Հիմար տրամաբանություն, որը երբեք և ոչ մի տեղ, ինչպես հարկն է, չի գործել, բայց օգնել է փոխադրել պատերազմը ԱՄՆ-ի համար անհարմար հարթությունից ավելի հարմար վիճակի։ Այդտեղ օգնության են գալիս «տեղեկատվական զորքերը». ԱՄՆ-ին ենթակա ԶԼՄ-ները ուղեկցում են պատժամիջոցները ճնշման անհրաժեշտ ալիքով և օգնում ստեղծել եթե ոչ հաղթանակի, ապա դեպի հաղթանակ շարժման պատրանք։ Ռուսաստանի պարագայում չհասնելով ակնկալվող (նույնիսկ ներկայումս) իշխանական ճգնաժամին կամ ուղեգծի փոփոխությանը, ԱՄՆ-ի իշխանությունները ձեռնամուխ եղան անձամբ Վ. Պուտինի վարկաբեկմանը։

Համացանցի ռուսաստանյան տիրույթը լի է հակապուտինյան բոտերի ու տրոլների ստեղծագործությամբ (նույնիսկ մեզ մոտ՝ Հայաստանում, կան այդպիսիք, և հետաքրքիր է, թե որքա՞ն են նրանց վճարում ամերիկյան գանձարանից…), բայց նրանց թունոտ ռեպլիկները վաղուց վերածվել են ծեծված կաղապարների ու կարծրատիպերի, և ոչ մի ազդեցություն չեն գործում ո՛չ հասարակության, ո՛չ էլ իշխանության վրա։ Այդօրինակ բոլոր տրոլներն անմիջապես չեզոքացվում են զրուցակիցների հեգնալից պատասխաններով, և նրանք ստիպված են լինում փրկվել հինգերորդ շարասյան յուրօրինակ գետտո դարձած իրենց արգելոցներում։

Ռուսաստանի նախագահի վարկանիշը տատանվում է՝ կախված կառավարության քաղաքականությունից, բայց «գունավոր հեղափոխության» վերաբերյալ բոլոր հույսերն առայժմ ձախողվել են։ Հարավսլավիայի հարցերով Հաագայի միջազգային դատարանի նախկին դատախազ Կառլա դել Պոնտեն վերջերս հեռուստահարցազրույցում ստիպված եղավ հայտարարել. «Ռուսաստանը կարևոր երկիր է, քանի որ ուժեղ նախագահ ունի»։

Հիմա ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշել է սկսել նոր փիար-արշավ՝ «Գտնել Պուտինի փողերը»։ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, ամերիկյան օրենսդիրների մտահղացմամբ, պետք է աշխարհով մեկ փնտրեն այն ամենը, ինչը կարելի է «հրամցնել» որպես Պուտինի փողեր։ Պուտինին վարկաբեկելու հերթական փորձ կդառնա «Հատուկ ծառայություններ-ԶԼՄ-ներ» տանդեմը, որում «Սկրիպալների գործի» վրա ստուգված «հայլի լայքլի» մեթոդով կմատուցվեն հետախուզությունների ընդերքում թխված բոլոր կարկանդակները։ Ինչո՞ւ «հայլի լայքլի» (այդ արտահայտությունը կարելի է թարգմանել որպես «ամենայն հավանականությամբ»)։ Հենց այն պատճառով, որ ոչ մի ապացույց նրանք չեն ունենա. Պուտինի փողերը ողջ աշխարհում փնտրում են արդեն 20 տարի շարունակ, եթե ոչ ավելի, և հաջողության ոչ մի հույս չի առկայծում։ Այսինքն՝ խոսքը սարքովի ապատեղեկատվության մասին է, որը մատուցվում է բազմանշանակ տեսքով ու ակնարկներով, թե մանրամասներն անհնար է բացահայտել ազգային անվտանգության նկատառումներով։ Նման աճպարարություններով Պուտինին տապալելու հույս նրանք չունեն, բայց ուզում են առնվազն խանգարել իրավահաջորդ առաջադրելու հարցում։ Այսպիսով, նպատակը Ռուսաստանի կառավարման համակարգում վիրուս ներդնելն է, որը կխաթարի և կքաոսացնի նրա աշխատանքը, իսկ հետո այդ քաոսի մեջ հույս կլինի ազդեցության առանցքային գործակալներ վարձել այնտեղ, որտեղից դրանց դուրս է մղել Վ. Պուտինը։

Սա ԱՄՆ-ի հետադիմության նշանն է՝ որպես երկիր։ ԱՄՆ-ի կառավարող դասի հետադիմությունը դրսևորվում է օվկիանոսից անդին նշմարվող բոլոր նշաններում։ Հոլիվուդը թխել է հերթական արտադրանքը՝ «Կապիտան Մարվել» անվանումով։ Քննադատները «կողմ» են 56%-ով,  կինոդիտողները՝ 32%-ով։ Այսինքն՝ կինոդիտողները ծիծաղում են այդ էժանագին արտադրանքի վրա ու չեն արձագանքում, իսկ քաղաքական ու սոցիալական պատվեր կատարող մշակութային էլիտան տալիս է պահանջվող գնահատականները։ Այդպես էր վախճանվում ԽՍՀՄ-ը, այժմ այդպես է վախճանվում ԱՄՆ-ը։ Հոլիվուդը դարձել է «Դովժենկոյի կինոստուդիա», իսկ Կոնգրեսը՝ ԽՄԿԿ ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժին։ Ռուսաստանն աստիճանաբար բուժվում է այդ հիվանդությունից, իսկ, այ, ԱՄՆ-ի պարագայում վրա են հասնում ամենակրիտիկական օրերը, քանի որ երբ, «Գտնել Պուտինի փողերը» արշավի ավարտից հետո, Ռուսաստանում բարեհաջող կերպով տեղի ունենա իշխանության փոխանցում և երկիրը շարունակի շարժվել իր ճանապարհով, ԱՄՆ-ում տեղի ունեցող ամենն արդեն ոչ մեկին չի հետաքրքրի սրընթաց փոփոխվող այս աշխարհում, ինչպես որ ոչ մեկին չի հետաքրքրում այն, ինչ այսօր կատարվում է ոչ բարի և արդեն չափազանց հին նախկին հզոր Անգլիայում։

 

Սերգեյ Շաքարյանց