Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար

Մարտի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Պետեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, ողջունելով հյուրին, Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում և կարևորել Շվեդիայի աջակցությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին:

Փոխվարչապետը նաև նշել է, որ Շվեդիայի հետ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով՝ հատկապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Պետեր Էրիքսոնն ասել է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և իրենք ցանկանում են նպաստել երկրի ժողովրդավարության ամրապնդմանը: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև Հայաստանի Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի գործունեությանը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է ներառական աճի մոդելի վրա հիմնված կառավարության ծրագրի առաջնահերթությունները և առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, թափոնների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: