ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

ԱԺ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի:

Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարևորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:

Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարևան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը և ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարևորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Թիմուր Ուրազաևը խոսել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկու ինտեգրացիոն ուղղություններում իր երկրի առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի: