51-րդ գոտի․ Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկը ԱՄՆ-ում գտնվող 51-րդ գոտին է, որի վերաբերյալ է «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի վեցերորդ հրապարակումը (նախորդը՝ Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավի վերաբերյալ http://livenews.am/press/2019/6525/06/23/07/

ԱՄՆ-ի կառավարությունը մինչև 2013 թվականը ջանադրաբար ժխտում էր առեղծվածային 51-րդ գոտու գոյության մասին ցանկացած լուր ու փաստ, հավատացնելով, թե ոչ մի նման բան երկրում չկա։ Մինչդեռ ներկայումս 51-րդ գոտին ամենափակ ու խորհրդավոր ռազմակայանն է մոլորակի վրա։ Այն գտնվում է Լաս-Վեգասից 135 կիլոմետր հեռվում և շատ հարմար վայր է նոր զենքի և ռազմական այլ մշակումների փորձարկումների համար։ Չհաստատված տեղեկությունների համաձայն, այդ փակ գոտին ստեղծվել է աղետի ենթարկված այլմոլորակային տիեզերանավի անկման տեղում, և դա է պատճառը, որ տվյալ վայրն այդչափ ջանադրաբար փորձում են թաքցնել ողջ աշխարհից։