Մահացել է աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը
Սանկտ Պետերբուրգում կյանքի 89-րդ տարում մահացել է աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովը։ Այս մասին տեղեկացրել են ռուսական լրատվամիջոցները։
Ժորես Ալֆյորովը ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին, Վիտեբսկում (Բելառուս): Նա Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել 2000 թվականին՝ կիսահաղորդչային հետերկառուցվածքների և արագագործ օպտո և միկրոէլեկտրոնային բաղադրիչների ստեղծման համար։ 1991-2017 թթ․ եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահը:
Գիտնականն արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների և 50 հայտնագործությունների:
Նշենք, որ գիտնականը 2011թվականից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ է։
«Եթե քաղաքացիներին հարկադրում են վճարել կրթության և բուժսպասարկման համար, կենսաթոշակներն էլ ձևավորվում են քաղաքացիների սեփական միջոցների տնտեսման հաշվին, իսկ բնակարանի և կոմունալ ծառայությունների համար էլ հարկադրում են վճարել ամբողջությամբ և շուկայական գներով, ապա մեր ինչի՞ն է պետք այդպիսի պետությունը: Ինչո՞ւ ես պիտի վճարեմ և իմ միջոցներով պահեմ չինովնիկների մի ամբողջ բանակ: Տարբեր ամբիոններից ես մշտապես ասել եմ, որ առողջապահությունը, կրթությունն ու գիտությունը պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեից: Եթե պետությունն այդ հոգսն իր ուսերից գցում է մեզ վրա, ուրեմն թող նա գրողի ծոցը գնա, այդպես մեզ համար առավել դյուրին կլինի…»։
Ժորես Ալֆյորով