Ստեփանակերտում հարգել են Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 28-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, տարբեր գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու 31 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ազերիների կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացրել է «Արցախպրես» լրատվական կայքը։

Կայքի թղթակցի տեղեկացմամբ, ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերաժացնող հուշաքարին:

Սգո արարողությանը ներկա երիտասարդներն իրենց ձեռքերում պահել են «Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն», «Սումգայիթում կատարվածը ցեղասպանություն է, իսկ կատարողները՝ միջազգային հանցագործներ» և այլ գրություններով հայերեն, անգլերեն և ռուսերեն պաստառներ:

Ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքով՝ Արցախում և Հայաստանում հայը ոտքի է ելել արդարությունը վերականգնելու, բայց ճշմարտության և արդարության դեմ չարը ցեղասպանությամբ է պատասխանել:

«Արդարության համար միշտ պիտի պայքարենք,- ասել է Արցախի թեմի առաջնորդը:- Թշնամին ամեն ինչ փորձում է խաթարել: Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ գոտեպնդվելու, ամրանալու և նպատակին հասցնելու մեր արդար դատը: Հանուն արդարության և հանուն ճշմարտության չպետք է վախենանք չարի նենգ գործերից: Ես էլ եմ ծնվել Սումգայիթում, ես էլ եմ կորցրել հարազատներ: Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերել Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին՝ ասելով, որ քանի մենք կանք, անելու ենք ամեն ինչ, որ անմեղ զոհերի պայծառ հիշատակը չմոռացվի»։