Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, գործադրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը:

«31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդեր,- նշել է փոխվարչապետը:- Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ և ռասայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները: Նման դեպքերը եզակի չեն եղել մեր պատմության մեջ, և ես կարծում եմ՝ պատմությունից մենք մեր դասերը սերտել ենք»։